Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ դիմել է ռուս խաղաղապահներին
 Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ դիմել է ռուս խաղաղապահներին
11:37     30 11 2022    
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ափսոսանք է հայտնել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կողմից՝ իրենց հասցեագրված դիմումներին արհամարհական վերաբերմունքի կապակցությամբ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի արհամարհական վերաբերմունքը մեր կոչերին ափսոսանք է առաջացնում։ Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է Ադրբեջանի Հանրապետության տարածքում բնակավայրերի անունները հորինված հայկական տեղանուններով նշելը, այդ թվում՝ «Լեռնային Ղարաբաղի տարածք» արտահայտությունը:

Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին պաշտոնական հաղորդագրություններում չօգտագործել այդ ոչ ճիշտ արտահայտությունները, և հուսով ենք, որ մեր կոչը հաշվի կառնվի։ Բացի այդ, պահանջում ենք իրենց հրապարակած քարտեզի վրա ճիշտ նշել մեր երկրի անունը։

Մեր պարտքն ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի 2022 թվականի նոյեմբերի 29-ի պաշտոնական հաղորդագրության մեջ որպես «Լեռնային Ղարաբաղի տարածք» նշված տարածքը Ղարաբաղի տնտեսական շրջանն է, իսկ որպես «Մարտակերտ» և «Մարտունի» նշված ադրբեջանական բնակավայրերի պաշտոնական անվանումներն են՝ համապատասխանաբար ԱՂԴԵՐԵ և ԽՈՋԱՎԵՆԴ։

Խաղաղապահ զորախմբի հաղորդագրության մեջ պարունակվող այն տեղեկությունը, թե իբր ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել Շուշայի ուղղությամբ, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է, լիովին անհիմն է և չի համապատասխանում իրականությանը։ Մենք կտրականապես հերքում ենք այդ տեղեկությունը»,- ասվում է փաստաթղթում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս