Էրդողան. Ադրբեջանն այսօր ոգեշնչման աղբյուր է դարձել ողջ թուրքական աշխարհի համար
  Էրդողան.  Ադրբեջանն այսօր ոգեշնչման աղբյուր է դարձել ողջ թուրքական աշխարհի համար
10:32     22 11 2022    
Ադրբեջանն այսօր ոգեշնչման աղբյուր է դարձել ողջ թուրքական աշխարհի համար։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի շնորհավորական նամակում, որն ուղղված է Ադրբեջանի նախագահ, «Ենի Ազերբայջան» կուսակցության նախագահ Իլհամ Ալիևին՝ «Ենի Ազերբայջան» կուսակցության ստեղծման 30-ամյակի կապակցությամբ։

Թուրքիայի նախագահն իր նամակում շնորհավորել է կազմակերպության բոլոր անդամներին, Ադրբեջանի եղբայրական ժողովրդին՝ կուսակցության ստեղծման 30-ամյակի կապակցությամբ։

«Համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կողմից հիմնադրված «Ենի Ազերբայջան» կուսակցությունը ստեղծման առաջին իսկ օրվանից մեծ ծառայություններ է ունեցել, դարձել է Ադրբեջանի առաջատար քաղաքական կուսակցությունը և այսօր, ձեր ուժեղ ղեկավարությամբ, շարունակում է հաջողությունների հասնել բոլոր ոլորտներում»,- ասված է նամակում։
Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ընդգծել է, որ Ադրբեջանը, ազատագրելով իր հողերը օկուպացիայից, այսօր ոգեշնչման աղբյուր է դարձել ողջ թուրքական աշխարհի համար։ Լիակատար վստահություն հայտնելով, որ երկու երկրների միջև բացառիկ կապերի վրա հիմնված և Շուշայի հռչակագրի շնորհիվ ամենաբարձր մակարդակի հասած համագործակցությունը կշարունակվի ապագայում՝ Թուրքիայի նախագահը ընդգծել է, որ «Ենի Ազերբայջան» կուսակցությունը հաջողությամբ կշարունակի իր գործունեությունը նաև առաջիկա շրջանում՝ հանուն Ադրբեջանի բարօրության, աշխարհում նրա դիրքերի ամրապնդման։

Նամակը նոյեմբերի 21-ին՝ Հեյդար Ալիևի Կենտրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ընթերցել է՝ Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցության նախագահի առաջին տեղակալ, Ստամբուլից պատգամավոր Նուման Քուրթուլմուշը։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Ադրբեջան  


Լրահոս