Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Այս տարվա սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը պայմանական, չսահմանազատված սահմանին տեղի ունեցած միջադեպը Հայաստանի կողմից ձեռնարկված և Ադրբեջանի դեմ ուղղված լայնածավալ ռազմական սադրանք է։ Ադրբեջանի Զինված ուժերը կանխել են սադրանքը և ապահովել մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը։ Ներկայումս հրադադարը պահպանվում է, և իրավիճակի սրումը կանխվել է։ Տարածաշրջանում իրավիճակի սրման և լայնածավալ սադրանքի ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։
Ընդհանրապես, Փելոսին հայտնի է որպես հայամետ քաղաքական գործիչ, և դրա վկայությունն է Կոնգրեսի հայամետ անդամների առկայությունը նրա պատվիրակության կազմում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մոտենում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ժամանակաշրջանը, Փելոսին օգտագործում է այս այցը իր ներքաղաքական օրակարգի և Միացյալ Նահանգների հայկական լոբբիստական շրջանակների աջակցությունը ստանալու համար: Անընդունելի է ԱՄՆ ներքաղաքական օրակարգից քաղաքական ինտրիգները և շահերի լոբբինգը Հայաստանի միջոցով տեղափոխել հարավկովկասյան տարածաշրջան։
Ափսոսանքով ընդգծում ենք, որ արդարությունից խոսող Փելոսին մինչև այսօր նպատակաուղղված որևէ դիրքորոշում չի ցուցաբերել Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի քաղաքականության, Ադրբեջանի տարածքի շուրջ 30 տարվա օկուպացիայի, հարյուր հազարավոր մարդկանց էթնիկ զտումների վերաբերյալ։
Այն, ինչ ասել է Փելոսին Հայաստանում, պետք է դիտարկել որպես հայկական քարոզչության հիման վրա արված հայտարարություն: Սա լուրջ հարված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։