Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե Խոջալուի շրջանի Ֆարրուխ գյուղի հետ կապված իրավիճակը կքննարկվի Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման համատեքստում։
Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչն ընդգծել է, որ այս գործընթացը չի նախատեսում ադրբեջանա-հայկական պետական սահմանից դուրս որևէ հարցի քննարկում, այդ թվում՝ կապված այն տարածքների հետ, որտեղ ժամանակավորապես գտնվում է ռուսական խաղաղապահ զորախումբը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳՆ ղեկավար Ս.Լավրովն ասել էր. «Ռուս զինվորականները առաջնահերթ են համարում իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ֆարուխի կարգավորման շուրջ։ Ինչ վերաբերում է իրավիճակին, ապա ռուս զինվորականները և մեր հայ ընկերները դա լավ գիտեն, այն պահում են, որպես իրենց առաջնահերթություններից մեկը։ Այս իրավիճակի դեէսկալացիայի առումով տեղերում արդեն իսկ կան որոշակի արդյունքներ։ Այս հարցը կդիտարկվի և կլուծվի սահմանազատման աշխատանքների շրջանակներում»։