Իլհամ Ալիևի ուղերձը Շուշայից. «Մենք ենք այս հողի տերը, մենք արդեն վերադարձել ենք»
  Իլհամ Ալիևի ուղերձը Շուշայից.  «Մենք ենք այս հողի տերը, մենք արդեն վերադարձել ենք»
12:56     11 05 2022    
«Այսօր մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 99-րդ տարեդարձն է։ Այսօր ես ճանապարհորդություն կատարեցի դեպի Ֆիզուլի և Շուշա։ Անցյալ տարվա մայիսի 10-ին ես գտնվում էի Նախչըվանում: Իսկ այս տարվա մայիսի 10-ին Ղարաբաղում եմ՝ օկուպացիայից ազատագրված Ղարաբաղում»։ Այս մասին Շուշայում հնչեցրած ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա ընդգծել է, որ Հեյդար Ալիևը մեծ ծառայություններ է մատուցել ադրբեջանական ժողովրդին։

Նախագահն ընդգծել է, որ 2003 թվականին ադրբեջանական ժողովուրդն առաջին անգամ վստահելով իրեն, հավատարմություն դրսևորեց մեծ առաջնորդի քաղաքականության հանդեպ։

«Ես իմ հերթին ասացի, որ եթե ժողովուրդն ինձ վստահի, ապա ես՝ որպես նախագահ, կգնամ Հեյդար Ալիևի ճանապարհով, չեմ շեղվի այս ճանապարհից և կվերականգնեմ մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ Ես երդվեցի դա անել։ Ես երջանիկ մարդ եմ, քանի որ հավատարիմ մնացի այդ երդմանը, և այսօր Ղարաբաղն ազատ է։ Այսօր Ղարաբաղում և Զանգեզուրում ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Շուշան վերցնելուց հետո իմ թիկունքում գտնվող վարչական շենքի տանիքին տեղադրվեց Ադրբեջանի դրոշը, հաղթական ադրբեջանցի զինվորները շենքի տանիքից ինձ զեկուցեցին Շուշայի ազատագրման մասին։ Այսօր՝ մայիսի 10-ին, ևս մեկ անգամ հայտնելով ադրբեջանական ժողովրդի հարգանքը մեծ առաջնորդի հիշատակին, ուզում եմ ադրբեջանական ժողովրդին հավաստիացնել, որ շարունակելու եմ անել հնարավոր ամեն ինչ մեր ժողովրդի, պետության զարգացման, մեր անկախության ամրապնդման համար։ Այսօր Ղարաբաղը վերածնվում է: Այսօր մի քանի միջոցառման եմ մասնակցել Ֆիզուլիում և Շուշայում։ Բոլոր ազատագրված շրջաններում վերականգնողական աշխատանքներն ընթանում են արագացված տեմպերով:

Ըստ էության, քաղաքներն ու գյուղերը նորից են կառուցվում։ Որովհետև օկուպացիայի ժամանակ թշնամին հողին է հավասարեցրել մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը, ավերել մեր բոլոր պատմական հուշարձանները։ Նա սարսափելի վիճակի է հասցրել Շուշան, որը Ղարաբաղի, տարածաշրջանի, Կովկասի մարգարիտն է։ Մենք՝ այս հողի տերերս, արդեն վերադարձել ենք, և այս հողը, երկինքը տեսնում են դա։ Տեսնում են, որ ամեն օր հերթական քայլն է արվում՝ կապված զարգացման հետ։ Մենք ամեն օր կառուցում ենք։ Մենք կվերականգնենք, վերականգնում ենք բոլոր ազատագրված հողերը: Այսօր՝ մայիսի 10-ին, ես անպայման պետք է լինեի այստեղ։ Այստեղից պետք է իմ և ադրբեջանական ժողովրդի հարգանքը հայտնեի մեծ առաջնորդի հիշատակին, ևս մեկ անգամ պետք է ասեի, որ մենք հավերժ վերադարձել ենք այս հողեր, մեր հայրենի հողեր և հավերժ ապրելու ենք այստեղ։ Ղարաբաղը մերն է, Ղարաբաղն Ադրբեջան է»,- շեշտել է նախագահը:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև  


Լրահոս