Իլհամ Ալիևը՝ դեօկուպացիայի բանաձևի մասին
 Իլհամ Ալիևը՝ դեօկուպացիայի բանաձևի մասին
08:07     30 04 2022    
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Zinvor.info-ն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել է «Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովին։ Նախագահը մանրամասն պատասխանել է «ուղեղային կենտրոնների ղեկավարների հարցերին։

Բավականին ուշագրավ էր ուկրաինացի Ալյոնա Խլիվկոյի հարցը, ով հանդիսանում է «Հենրի Ջեքսոն վերլուծական կենտրոնի» ռազմավարական կապերի գծով մենեջերը։ Խլիվկոն նախագահ Ալիևին հարցրել է, թե ինչպես Ադրբեջանին հաջողվեց ազատագրել օկուպացված տարածքները, հայտնում է Zinvor.info-ն։

Նախագահն այսպես է պատասխանել հարցին.

«Ելնելով մեր փորձից՝ ամենակարևորը օկուպացիայի հետ երբեք չհաշտվելն է: Գիտեք, բանակցային գործընթացի ընթացքում եղել են տարբեր պահեր, մեսիջներ, որոնք ես ստացել եմ իմ արևմտյան գործընկերներից։ Դրանցից մեկն այն էր, որ պետք է հաշվի առնել ստեղծված իրականությունը։ Ադրբեջանը պարտվել է Ղարաբաղյան առաջին պատերազմում, ձեր գործողությունները պետք է հիմնված լինեն իրականության վրա: Փորձեր եղան, այսպես ասած, մեզ խորհուրդ տալու, որ մենք պետք է դիտարկենք մեր տարածքային ամբողջականության հետ կապված հարցերը։

Եվ ես միշտ ասել եմ՝ ոչ: Ես ասում էի՝ ո'չ Ադրբեջանը, ո'չ ես, ո'չ էլ ադրբեջանական ժողովուրդը երբեք չենք համաձայնի, որ մեր տարածքներում ստեղծվի մեկ այլ կեղծ հայկական պետություն, երբեք։ Եվ եթե պետք լինի՝ կենաց ու մահու կռիվ կտանք: Իմ հայտարարությունները երբեմն մեկնաբանվում էին որպես թշնամական, ագրեսիվ: Ինձ միշտ քննադատվել են իմ հռետորաբանության համար, մինչդեռ Հայաստանի ղեկավարներին միշտ գովել են «կառուցողական» լինելու համար։

Այո, նրանք «կառուցողական» էին, ուզում էին ամրապնդել օկուպացիան, ուզում էին, որ մենք համաձայնենք անկախություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի անջատողականներին։ Նրանք ցանկանում էին իրենց վերահսկողության տակ պահել մեր տարածքի մի մեծ մասը, մասնավորապես՝ նախկին ԼՂԻՄ-ի և Հայաստանի միջև ընկած տարածքները։ Իմ պատասխանը «ոչ» էր: Մենք երբեք դրան չենք համաձայնի:

Իհարկե, ամենակարևորը հզոր բանակ ունենալն է, և մենք դա արեցինք։ Ինձ համար՝ որպես նախագահ, դա թիվ 1 հարցն էր: Ահա թե ինչու, մեր ռազմական ծախսերը մյուս ոլորտների համեմատ ավելի շատ էին։ Երկրորդ տեղում կրթությունն է, նույնքան կարևոր, քանի որ առանց դրա հայրենասեր մարդկանց չեք դաստիարակի, ովքեր կգնան և հետ կվերադարձնեն այդ հողերը։

Եվ, իհարկե, բարձր մոտիվացիա։ Մենք մոտիվացված էինք, պատրաստ էինք գնալու մինչև վերջ՝ անկախ նրանից, թե ով կլինի հայկական կողմում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ  


Լրահոս