Իլհամ Ալիևը նամակ է հղել Էրդողանին
 Իլհամ Ալիևը նամակ է հղել Էրդողանին
10:49     14 01 2022    
Նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով «ԱզերԹաջ»-ին, շնորհավորական ուղերձում ասվում է.

«1992 թվականի հունվարի 14-ին եղբայրական Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նշանակալից իրադարձություն էր Ադրբեջանի Հանրապետության պատմության մեջ։ Թուրքիան առաջինն էր, որ ճանաչեց 20-րդ դարում երկրորդ անգամ անկախություն ձեռք բերած Ադրբեջանը և նրա հետ հաստատեց դիվանագիտական հարաբերություններ, ինչը հավերժ դրոշմվել է մեր ժողովրդի ազգային հիշողության մեջ՝ որպես իսկական եղբայրության և համերաշխության օրինակ։

Մեծ հպարտության զգացումով ուզում եմ նշել, որ անցած ժամանակահատվածում ադրբեջանա-թուրքական հարաբերություններն անցել են զարգացման մեծ ուղի։ Պատվով դուրս գալով պատմական փորձություններից՝ մեր երկրները վերահաստատեցին և պահպանեցին իրենց հավատարմությունը՝ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ոգուն։

Դուք անգնահատելի արժանիքներ ունեք ադրբեջանա-թուրքական հարաբերությունների, դաշինքի զարգացման և ամրապնդման գործում, որը բարեկամության և եղբայրության հիանալի օրինակ է, և որն աշխարհում նմանը չունի։ Վճռական և միանշանակ դիրքորոշումը, որ Դուք միշտ ցուցադրել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման հարցում, վստահ աջակցությունը, որ Դուք ցուցաբերել եք մեր արդար գործին, միշտ ոգեշնչել և լրացուցիչ ուժ է տվել մեզ։ Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի մոռանա 44-օրյա Հայրենական պատերազմի առաջին ժամերից մինչև վերջին րոպեները անձամբ Ձեր, Թուրքիայի Հանրապետության, Ձեր եղբայրական ժողովրդի ցուցաբերած բարոյական աջակցությունն ու համերաշխությունը։ Եվ այսօր մենք Թուրքիայի հետ ուս ուսի տված առաջ ենք գնում օկուպացիայից ազատագրված հողերի վերակառուցման ու վերականգնման գործում, ինչը խորը գոհունակություն է առաջացնում։ Մենք էլ մեր հերթին միշտ և բոլոր հարցերում կշարունակենք գտնվել եղբայրական Թուրքիայի կողքին»։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Էրդողան  


Լրահոս