Իլհամ Ալիևը՝ սահմանին բախումների ռիսկերը նվազագույնի հասցնելու անհրաժեշտության մասին
 Իլհամ Ալիևը՝ սահմանին բախումների ռիսկերը նվազագույնի հասցնելու անհրաժեշտության մասին
16:55     26 11 2021    
Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնք ընդգրկում են բազմաթիվ տարբեր ոլորտներ, ռազմավարական գործընկերության բնույթ են կրում։ Իլհամ Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը մտադիր է էլ ավելի ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ։

Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ ներկայումս Ռուսաստանի և Ադրբեջանի միջև յոթ տարբեր ճանապարհային քարտեզներ են իրականացվում։

Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի Դաշնությունում սովորող ադրբեջանցի ուսանողների համար ռուսական կողմի ստեղծած պայմանների համար։ Նա ընդգծել է, որ ներկայումս Ռուսաստանում սովորում է 15 հազար ադրբեջանցի ուսանող։

Խոսելով Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության մասին՝ նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է, որ նրանց պատասխանատվության գոտում լուրջ բախումներ և միջադեպեր չեն գրանցվել։

Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ բախումները եղել են ադրբեջանա-հայկական սահմանին՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս։ Նրա խոսքով, կա անհրաժեշտություն քննարկելու, թե ինչպես կարելի է նվազագույնի հասցնել նման միջադեպերի կրկնության ռիսկերը։

Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Վլադիմիր Պուտինի ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս