Կաշառքի գործով դատապարտված հայ փոխնախարարը պարգևատրվել է ՊՆ հուշամեդալով
|
|
Հայաստանի Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նախօրեին պետական բարձր պարգև է շնորհել «սպիտակ բանակի» հերոսներին: Yerevan.Today-ը բացահայտել է, որ պարգևատրվածների մեջ է եղել նաև կաշառքի գործով առաջինը կալանավորված հեղափոխական բարձրաստիճան պաշտոնյա Արսեն Դավթյանը:
|
2018-ի իշխանափոխությունից հետո նա զբաղեցնում էր Առողջապահության այդ ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի տեղակալի պաշտոնը, մեկ տարի անց 2019-ի ապրիլին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվեց՝ իր իսկ աշխատասենյակում ստացած խոշոր չափի կաշառքի համար:
Խիստ ուշագրավ է, որ Արսեն Դավթյանը 44-օրյա պատերազմին ռազմի դաշտ ոտք չի դրել, սակայն չգիտես ում շնորհիվ՝ հայտնվել է պատերազմի ընթացքում զինծառայողների կյանքեր փրկած բուժաշխատողների արժանավորների ցուցակում, որը հաստատել ու ՊՆ գերատեսչական մեդալի է առաջադրել Առողջապահության նախարարությունը:
Ընդգծենք՝ 7 տարվա ազատազրկման դատապարտված, բայց կալանավայրում ընդամենը ամիսներ անցկացրած ու մինչ օրս 15 մլն դրամ գրավի դիմաց ազատության մեջ գտնվող ԱՆ նախկին փոխնախարարը, ընդգծենք, ներկայում Արմենիա ԲԿ-ի փոխտնօրենն է, ընդ որում սա այն բուժկենտրոնն է, որի անունը մամուլում կապվում է ԲԴԽ նախագահ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ:
Մասնագիտական շրջանակներում բուռն քնարկման առիթ է դարձել դատապարտյալ Արսեն Դավթյանին գերատեսչական մեդալի արժանացնելու խիստ կասկածելի հիմքերը: Ոմանք պնդում են, որ սա գործարք է ձերբակալման ժամանակ իր վերադաս Արսեն Թորոսյանի դեմ ցուցմունք չտալու դիմաց:
Ներքին օղակներից Yerevan.Today-ին փոխանցում են՝ հույժ անհրաժեշտ էր 7 տարվա կալանավորման բեռը թեթևացնել, ու պետական պարգևով փաստորեն խնդիր են լուծել:
Իրականում պետական պարգևը կարող է լինել որպես պատժից խուսափելու միջոց՝ համաներման մեջ այդ դրույթի առկայության պայմաններում կամ պատժի կրճատման միջոցով, այս մասին հաստատում են նաև իրավաբանները:
Այդուհանդերձ ինչո՞ւ թույլ տվեց ՊՆ նախարարը շահագործել իր հեղինակությունը, ի վերջո ինչի՞ համար է Արսեն Դավթյանին գերատեսչական մեդալով իր երախտիքը հայտնել ՊՆ Արշակ Կարապետյանը:
Հեշթեգներ.
Հայաստան
ՊՆ
Ճգնաժամ