Անհայտ մայորի կալանավորում են, իսկ վերնախավն` անջատիժ
|
|
Հայաստանում` 44-օրյա պատերազմի մութ անցքերը, դրա ընթացքում կատարված հանցագործությունների բացահայտումը հանրային մեծ հետաքրքրություն են առաջացնում: Իրավապահներն ու դատախազությունն էլ պարբերաբար ինչ-ինչ հաղորդագրություններ են տարածում բացահայտումների մասին, որոնք, սակայն, որեւէ առարկայական տվյալ չեն պարունակում եւ զուտ լուսաբանման իմիտացիա ստեղծելու համար են:
|
Երեկ, օրինակ, Քննչական կոմիտեն տարածեց, որ մի մայոր են կալանավորել՝ Արցախի ՊԲ հրետանային դիվիզիոնի սպա, որին օգոստոսի 25-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով` պատերազմի ժամանակ իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության համար: ՔԿ-ն հաղորդում է, որ փաստական տվյալներ ունի այն մասին, թե մայորը «անձնական շահագրգռվածությունից ելնելով, սեփական կյանքը փրկելու նպատակով, շահադիտական նպատակով դրսեւորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետեւանքներ»։
Մայորի նունը չի նշվում, կատարված հանցանքը չի պարզաբանվում:
Բանակում հազարավոր մայորներ են ծառայում, իսկ «անձնական շահագրգռվածությունից ելնելով» սեփական կյանքը փրկելու տասնյակ դեպքեր կան: Եվ, ուրեմն, ոչինչ չասող այս տեղեկության տարածման միակ նպատակը ցույց տալն է, թե զինդատախազությունն աշխատում է: Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ այն առաջնահերթ չի զբաղվում զինվորական վերնախավի անգործությամբ, օրինակ՝ դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առուստամյանի:
Զինվորականների շրջանում խոսվում է այն մասին, թե Կարեն Առուստամյանի անգործության պատճառով է, որ նրա հրամանատարության ներքո գտնվող զորամիավորումները չեն բերվել այն աստիճանի պատրաստվածության, որը պահանջվում էր պատերազմից առաջ: Պատմում են, որ պատերազմին լիարժեք պատրաստվելու առումով նրա քայլերն անտրամաբանական են եղել, այն դեպքում, երբ սեպտեմբերի 24-25-ից սկսած՝ եղել է գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դիրեկտիվը՝ զորքերը բերել պատրաստվածության համապատասխան աստիճանի, որովհետեւ պատերազմ է սկսվելու: Հետախուզությունն իր խնդիրը լուծել է, գլխավոր շտաբը խնդիրը կոնկրետ դրել է, բայց Կարեն Առուստամյանի զորամասերը չեն բերվել պատրաստվածության պահանջվող աստիճանի: Հետագայում կուժն ու կուլան կոտրվեց առաջին և երկրորդ պաշտպանական շրջանների հրամանատարների վրա, այն դեպքում, երբ մեղղքի առյուծի բաժինը դիվիզիայի հրամանատարինն էր:
Կարեն Առուստամյանի դիվիզիայի մեջ էր նաև 73 հոգուց բաղկացած հայտնի վաշտը, որը հոկտեմբերի 11-ին Մարտունի-3-ից տեղափոխել են երկու օր առաջ գրավված Հադրութ: Դա ամենամարտական ու կարգապահ վաշտն էր, որը տեղափոխելուց մոտ մեկ ժամ անց հայտնվեց կրակի տակ, շրջափակման մեջ, իսկ մեկ ամիս անց այդտեղից տղաների մասունքները սկսեցին հավաքել: Ո՞վ էր տվել հրամանը, ինչո՞ւ էին մեր տղաներին տարել այնտեղ, ի՞նչ նպատակով: Բոլոր այս հարցերը մութ են մինչ օրս, չնայած զոհվածների հարազատները պահանջում են պատժել մեղավորներին:
Սյուզան Սիմոնյան
Հեշթեգներ.
Ադրբեջան
Հայաստան