Ադրբեջանի նախագահը Դավոսում հանդիպել է Մարթա Կոսի հետ
  Ադրբեջանի նախագահը Դավոսում հանդիպել է Մարթա Կոսի հետ
09:21     22 01 2026    
Հունվարի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում գոհունակությամբ է հիշատակվել Մարթա Կոսի անցյալ տարի Ադրբեջան կատարած այցը, այդ թվում՝ Ղարաբաղ, և պետության ղեկավարի հետ նրա հանդիպումը։ Մարթա Կոսը նշել է, որ խորապես տպավորված է ազատագրված տարածքներում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներով։

Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ։ Քննարկվել են նաև էներգետիկայի, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների, մարդասիրական ականազերծման և այլ ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև Ադրբեջանի ներդրումը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում:

Մարտա Կոսը նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանի մարդասիրական ականազերծման ջանքերին, ինչպես նաև Նախչըվանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին։

Զրույցի ընթացքում ընդգծվել է մեծ հեռանկարների առկայությունը Ադրբեջանի և Եվրամիության միջև բազմաթիվ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման համար, կարծիքներ են փոխանակվել այս հարցի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իլհամ-Ալիև   Մարթա-Կոս  


Լրահոս