Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարի պաշտոնական կայքում։
Նամակում Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ։
«Բարձր եմ գնահատում Ձեր անձնական ներդրումը՝ որպես Ադրբեջանի Հանրապետության նախագահ, մեր ժողովուրդների միջև բարեկամության և Ուկրաինայի ու Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման գործում, որը հիմնված է փոխադարձ աջակցության, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Այս գործընկերությունը ծառայում է Սևծովյան-Կասպյան տարածաշրջանում արդար խաղաղության հասնելու, ինչպես նաև էներգետիկայի, առևտրի, տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման նպատակին։
Ուկրաինան խորը երախտագիտություն է հայտնում Ձեզ և Ադրբեջանի ժողովրդին՝ Ռուսաստանի զինված ագրեսիայի պայմաններում Ձեր համերաշխության և գործնական աջակցության համար: Մենք հատկապես բարձր ենք գնահատում երկրի էներգետիկ համակարգի գործունեությունը ապահովելու համար տրամադրված մարդասիրական օգնությունը, Կիևի մարզի ազատագրված Իրպեն քաղաքի վերականգնմանը մասնակցությունը և ուկրաինացի երեխաների վերականգնման գործում ցուցաբերած օգնությունը», - ասվում է նամակում: