Ադրբեջանցիներն ու հայերը նույն փորձագիտական ​​սեղանի շուրջ՝ Երևանում
 Ադրբեջանցիներն ու հայերը նույն փորձագիտական ​​սեղանի շուրջ՝ Երևանում
20:57     22 10 2025    
2025 թվականի հոկտեմբերի 21-22-ին, Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական համայնքների ներկայացուցիչների խմբի համատեղ նախաձեռնությամբ և երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ, Երևանում տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնին հղումով, կլոր սեղանին հայկական կողմից մասնակցել են Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը։

Ադրբեջանական կողմը ներկայացրել են՝ Ֆարհադ Մամեդովը, Ռուսիֆ Հուսեյնովը, Ռամիլ Իսկանդերլին, Քյամալա Մամեդովան և Դիլարա Էֆենդիևան։

Նախաձեռնության նպատակն էր առաջ մղել խաղաղության օրակարգը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրի ոգով, և դարձել է՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջին հանդիպումը այս ձևաչափով։

Քննարկումների ընթացքում մասնակիցները անդրադարձել են երկու երկրների հասարակություններին հուզող թեմաների լայն շրջանակի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարներին, մարդասիրական հարցերին, տնտեսական և լոգիստիկ հնարավորություններին՝ հարաբերությունների կարգավորման համատեքստում, ինչպես նաև վստահության ամրապնդման հետագա միջոցառումներին։ Հատուկ ուշադրություն է դարձվել խմբի կողմից համատեղ գործողությունների պլանների և հեռանկարների մշակմանը։

Այցի ընթացքում մասնակիցները հանդիպել են ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Մասնակիցները ընդգծել են՝ լայն սոցիալական խմբերի, քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի և լրատվամիջոցների ներգրավման կարևորությունը։
Հանդիպման ավարտին խումբը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ նախաձեռնությունները՝ ուղղված փոխըմբռնման ամրապնդմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելուն։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջանցիներ   Հայեր  


Լրահոս