Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում մեղադրյալներից յուրաքանչյուրին տրամադրվել է թարգմանիչ՝ իրենց խոսած լեզվով, ինչպես նաև պաշտպաններ։
Դատական նիստին մասնակցել են մեղադրյալները, նրանց պաշտպանները, որոշ տուժողներ, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները։
Այնուհետև հայտարարվել է, որ մեղադրյալ Լևոն Մնացականյանի նախորդ դատական նիստում հնչեցրած խնդրանքով տուժող Իլհամ Մամեդովը կրկին կանչվել է դատարան։
Մամեդովը պատասխանել է մեղադրյալների կողմից իրեն ուղղված հարցերին։
Պատասխանելով ոչ միայն Լևոն Մնացականյանի, այլև Դավիթ Բաբայանի և Դավիթ Մանուկյանի հարցերին՝ Իլհամ Մամեդովը նշել է, որ այս տարվա հոկտեմբերի 2-ին կայացած դատական նիստում մանրամասն պատմել է խոշտանգումների մասին, որին նա ենթարկվել է Հայաստանի զինված ուժերի կողմից գերի ընկնելուց հետո։
Նրա խոսքով՝ 2002 թվականի մայիսի 10-ին, զինվորական ծառայության ժամանակ, իր դիրքը գնալու ճանապարհին մոլորվել է և գերևարվել Հայաստանի զինված ուժերի կողմից, որից հետո խոշտանգումների է ենթարկվել։ «Ինձ պահում էին մի սենյակում, այնտեղ գտնվում էին նաև սպաներ, և նրանք ինձ հարցաքննել են», - հավելել է նա։
Դատական նիստում նաև ուսումնասիրվել են փաստաթղթեր՝ հիմնված մի շարք առցանց ռեսուրսներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկատվության վրա: Ցուցադրվել են նաև ուսումնասիրվող նյութերին վերաբերող լուսանկարներ։
Դատավարությունը կշարունակվի հոկտեմբերի 17-ին։