Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» մասին
 Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» մասին
16:54     12 09 2025    
Ռուսաստանը կկարողանա քննարկել ավելի վաղ ԱՄՆ-ում համաձայնեցված՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքների միջև տրանսպորտային միջանցքը («Թրամփի ուղի»), երբ տեսնի դրա նախագիծը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես կցանկանայի ընդգծել, որ մենք կկարողանանք վերջնական պատկերացում կազմել, թե ինչպես է այս տրանսպորտային երթուղին գործնականում գործելու, երբ ծանոթանանք այս նախագծի կոնկրետ մանրամասներին։ Առայժմ դա տեղի չի ունեցել», - ասել է նա։

Զախարովան նաև ընդգծել է, որ Հարավային Կովկասի գործերում ոչ տարածաշրջանային խաղացողների մասնակցությունը, այդ թվում՝ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, պետք է կողմնորոշվի հիմնականում տարածաշրջանի երկրների և նրանց անմիջական հարևանների շահերով։

Բացի այդ, շարունակել է դիվանագետը, անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք լրացուցիչ գործոններ։ Զախարովան հավելել է, որ Հայաստանը ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքի մաս է կազմում, Հարավկովկասյան երկաթուղին «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունն է, իսկ ռուս սահմանապահները, միջազգային պայմանագրի համաձայն, ապահովում են սահմանների պաշտպանությունը այն տարածքում, որտեղով ենթադրաբար անցնելու է վերոնշյալ երթուղին։
Zinvor.info

Հեշթեգներ. Ռուսաստան   ԱԳՆ  


Լրահոս