Ալիևն ու Փաշինյանը կարող են Թրամփին առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի
|
|
Սպիտակ տանը կայացած արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին կարող է դիմում ուղարկել Նոբելյան կոմիտե՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակ շնորհելու առաջարկով, հաղորդում է Zinvor.info-ն։
|
Նա նշել է, որ երեք տասնամյակից ավելի պատերազմող երկրների ղեկավարների համար Վաշինգտոնում պատմական փաստաթղթի ստորագրումը մեծ նշանակություն ունի և նախագահ Թրամփի ղեկավարության շոշափելի արդյունքն է։ Ալիևը հիշեցրել է, որ 1990-ականների սկզբից ի վեր Միացյալ Նահանգներում շատ նախագահներ են փոխվել, իսկ այսպես կոչված Մինսկի գործընթացը, որին այսօր վերջ դրվեց, ԵԱՀԿ-ի հովանու ներքո շարունակվել է ավելի քան երեսուն տարի՝ առանց արդյունքի։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ ի տարբերություն այն դեպքերի, երբ Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է «ընդհանրապես ոչինչ չարած» մարդկանց, նախագահ Թրամփը վեց ամսվա ընթացքում առաջընթաց է գրանցել և վերջ դրել ձգձգված հակամարտությանը։ Նա վստահություն է հայտնել, որ իր հայ գործընկերը կաջակցի այս նախաձեռնությանը և ասել է, որ վերադառնալուց հետո կողմերը կարող են համաձայնեցնել և համատեղ նամակ ուղարկել։
Հեշթեգներ.
Ալիև
Փաշինյան
Թրամփ