Ադրբեջանի գլխավոր դատախազություն. Սաֆարով եղբայրները մահացել են ՌԴ ուժայինների կողմից ծեծի հետևանքով
  Ադրբեջանի գլխավոր դատախազություն. Սաֆարով եղբայրները մահացել են ՌԴ ուժայինների կողմից ծեծի հետևանքով
14:08     02 07 2025    
Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության քննչական վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Նեմաթ Ավազովն այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկատվություն է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության տարածքում Ադրբեջանի քաղաքացիների դեմ կատարված հանցագործությունների քննության վերաբերյալ, հաղորդում է Zinvor.info-ն։

Ըստ հայտարարության՝ Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազի հանձնարարությամբ գլխավոր դատախազության քննչական վարչությունը հետաքննություն է սկսել երկրի քաղաքացիների սպանության և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի կապակցությամբ։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի հունիսի 27-ի առավոտյան Եկատերինբուրգ քաղաքում համատեղ գործողություն է իրականացվել Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի, ՆԳՆ տարածաշրջանային վարչության քրեական հետախուզության վարչության և ԱԴԾ տարածաշրջանային ստորաբաժանման կողմից։ Արդյունքում ձերբակալվել են Եկատերինբուրգ քաղաքի տարբեր հասցեներում բնակվող Ադրբեջանի քաղաքացիներ։ Կալանավորման համար հիմք է հանդիսացել Ռուսաստանում նախկինում կատարված սպանություններին նրանց մասնակցության կասկածը։

Սակայն, ինչպես ընդգծել է Ն. Ավազովը, այս գործողության ընթացքում Ռուսաստանի ուժայինները կալանավորվածների նկատմամբ կիրառել են բիրտ ուժ և նրանց ենթարկել դաժան խոշտանգումների։ Ձերբակալվածների մարմիններին բազմաթիվ հարվածների են հասցվել բութ առարկաներով, որոնք պատճառել են լուրջ մարմնական վնասվածքներ։ Ձերբակալվածներից մեկը՝ Ադրբեջանի քաղաքացի Հուսեյն Սաֆարովը (ծնված 1956 թվականին), մահացել է ստացած վնասվածքներից նույն օրը՝ հունիսի 27-ին, մոտավորապես ժամը 15:00-ին, Եկատերինբուրգի ներքին գործերի մարմինների վարչական շենքում։ Նրա եղբայրը՝ Զիյադդին Սաֆարովը (ծնված 1970 թվականին), մահացել է ծեծից օպերատիվ մարմինների ծառայողական մեքենայում։

Հունիսի 30-ին երկու եղբայրների մարմինները տեղափոխվել են Բաքու, որտեղ քննչական վարչության որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ փորձագետների, դատախազ-քրեագետների մասնակցությամբ, գործընթացը տեսաձայնագրվել է։ Փորձագետները մարմինների վրա հայտնաբերել են բազմաթիվ հեմատոմաներ, քերծվածքներ, կողոսկրերի և այլ ոսկորների բաց և փակ կոտրվածքներ, որոնք բնորոշ են բութ առարկաներով հարվածներին։ Փորձագիտական եզրակացության համաձայն՝ Զիյադդին Սաֆարովը մահացել է բազմաթիվ վնասվածքներից առաջացած հետտրավմատիկ շոկի հետևանքով։ Հուսեյն Սաֆարովի մահվան պատճառը եղել է հետտրավմատիկ և հեմոռագիկ շոկի համադրությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ռուսաստան  


Լրահոս