ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանում ԵՄ լրտեսների և Ադրբեջանի մտահոգության մասին
 ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանում ԵՄ լրտեսների և Ադրբեջանի մտահոգության մասին
16:48     11 06 2025    
Մենք տեղյակ ենք Բաքվի մտահոգություններին, ընդ որում՝ արդարացի մտահոգություններին Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին, այս մասին հունիսի 11-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Քաջ հայտնի է, թե ինչով են զբաղված այսպես կոչված առաքելության աշխատակիցները:

Նրանք լրտեսում են Հայաստանի հարևան երկրներին։ Իհարկե, նրանք հաշվետվություն չեն տալիս Երևանին, որևէ կերպ չեն նպաստում տարածաշրջանում կայունության:

Ինչ վերաբերում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանին, մենք Երևանից որևէ ազդանշան չենք ստացել դրա հնարավոր դուրսբերման վերաբերյալ։

Հանրապետության պաշտոնատար անձիք հաստատում են, այդ թվում՝ հրապարակավ, որ նման հարցեր օրակարգում չկան։

Երևանը հասկանում է, որ ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է։ Բազայի տեղակայումը և գործունեությունը կարգավորվում են Հայաստանի և Ռուսաստանի միջև համապատասխան երկկողմ փաստաթղթերով։

«Այս հարցը երբեք ոչ մեկի կողմից չի բարձրացվել Ադրբեջանի հետ մեր փոխգործակցության համատեքստում կամ հարթությունում», - նշել է Զախարովան։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ադրբեջան  


Լրահոս