Ալիևը, Էրդողանը և Շարիֆը կգործարկեն Լաչինի միջազգային օդանավակայանը
  Ալիևը, Էրդողանը և Շարիֆը կգործարկեն Լաչինի միջազգային օդանավակայանը
15:59     27 05 2025    
Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված Լաչինի շրջանում վաղը տեղի կունենա Լաչինի միջազգային օդանավակայանի բացումը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով TRT հեռուստաալիքին, արարողությանը կմասնակցեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

Լաչինի օդանավակայանը կլինի Ադրբեջանի ազատագրված տարածքներում կառուցված երրորդ օդանավակայանը։ Այն նաև երկրի ամենաբարձրալեռնային օդանավակայանն է՝ գտնվում է ծովի մակերևույթից 1800 մետր բարձրության վրա, որի կառուցման համար պահանջվել է լայնածավալ ինժեներական աշխատանքներ դժվար լեռնային պայմաններում։

Օդանավակայանի շինարարությունը սկսվել է 2021 թվականին։ Այն գտնվում է Լաչինի կենտրոնից 30 կմ, Քելբաջարից 60 կմ և Շուշա քաղաքից 70 կմ հեռավորության վրա։ Թռիչքուղին ունի 3 հազար մետր երկարություն և 60 մետր լայնություն։ Տերմինալի թողունակությունը ժամում 200 ուղևոր է։

Այս տարվա մայիսի 26-ին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հրամանագիր է ստորագրել, որով օբյեկտին շնորհվել է միջազգային օդանավակայանի կարգավիճակ։ Այս մասին տեղեկատվություն է ուղարկվել միջազգային ավիացիոն կազմակերպություններին, և Ադրբեջանում միջազգային օդանավակայանների ընդհանուր թիվը հասել է իննի։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Էրդողան   Շարիֆ  


Լրահոս