Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, դատավոր Էլմին Ռուստամովի նախագահությամբ կայացած դատական նիստում Ազադ Մամեդլին ցուցմունք է տվել և մեղադրել Ռայանին լրտեսական գործունեության մեջ ներգրավելու համար։
«Ես համագործակցության առաջարկներ ստացա Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցներից՝ Ֆրեդերիկ Դևոյից և Լորան Լյոդիից։ Ես հրաժարվեցի, բայց դրա մասին չհայտնեցի Ադրբեջանի համապատասխան մարմիններին։ Սա իմ գլխավոր սխալն է», - ասել է Մամեդլին։
Նրա խոսքով՝ հենց Մարտին Ռայանն է իրեն ծանոթացրել դեսպանատան ներկայացուցիչների հետ։ «Նա վստահելի հարաբերություններ ուներ նրանց հետ։ Հոգեբանական կապ ստեղծեց իմ և դեսպանատան աշխատակիցների միջև։ Հնարավոր է՝ դա նպատակային գործողություն է եղել», - ասել է Մամեդլին։
Նա հավելել է, որ ինքը որևէ պետական գաղտնիք չի փոխանցել ֆրանսիական կողմին։
Ռայանն, իր հերթին, հերքել է մեղադրանքները՝ ասելով, որ ինքը որպես գործակալ Մամեդլիին ոչ մեկի հետ չի ծանոթացրել։
«2021 թվականին Դեվոսը փնտրում էր մեկին, ով լավ գիտեր Ռուսաստանը։ Ազադն այդ ժամանակ աշխատանք էր փնտրում։ Եվ ես նրանց ծանոթացրի։ Ազադ Մամեդլին, նրանց հետ զրուցելիս, հարցերից հասկացավ, որ նրանք գործակալներ են։ Բայց նա շարունակեց կապ պահպանել նրանց հետ։ Նա Դևոսի հետ հանդիպել է նաև առանց ինձ։ Ազադը նույնիսկ հարցրեց ինձ դեսպանատնից նյութական օգուտ ստանալու հնարավորության մասին։ Ես նրան ասացի, որ դա շատ վտանգավոր է։ Եթե ես ցանկանայի հավաքագրել Մամեդլիին, չէր ասի նրան, որ դա վտանգավոր է», - հավելել է մեղադրյալը։
Մամեդլիի խոսքով՝ Ռայանը ռազմական բնույթի տեղեկատվություն է փոխանցել ֆրանսիական հետախուզությանը։ «Նա տասնյակ քաղաքացիների է հանձնել, այդ թվում՝ նախկին զինվորականների և գործարարների։ Հետախուզության աշխատակիցների հետ շփվելու համար օգտվում էր Signal հավելվածից», - ասել է Մամեդլին։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 23-ին։