Հաջիևը՝ Իրանի հետ ռազմավարական համագործակցության մասին
 Հաջիևը՝ Իրանի հետ ռազմավարական համագործակցության մասին
09:07     19 05 2025    
Ադրբեջանը շարունակում է քայլեր ձեռնարկել ինչպես Հայաստանի հետ խաղաղ կարգավորման, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ Իրանի հետ։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հաղորդում է APA գործակալությունը՝ հղում անելով իրանական Tasnim պարբերականին:

Հաջիևը, որը Թեհրանում է գտնվում Թեհրանի երկխոսության ֆորումին մասնակցելու համար, ընդգծել է միջոցառման կարևորությունը որպես տարածաշրջանային և համաշխարհային առանցքային հարցերի քննարկման հարթակ։

«Ադրբեջանը, որպես Իրանի բարեկամ, եղբայր և հարևան, պաշտոնական պատվիրակությամբ հրավիրվել է ֆորումին։ Մենք մասնակցել ենք ինչպես երկկողմ հանդիպումների, այնպես էլ ընդհանուր պանելային քննարկումների», - ասել է նա։

Նրա խոսքով՝ իրանցի գործընկերների հետ բանակցությունները նոր ազդակ հաղորդեցին երկկողմ համագործակցության զարգացմանը։

«Մեր խնդիրն է առաջ տանել առկա հարաբերությունները։ Վստահ եմ, որ բարեկամության և եղբայրության հիման վրա մենք կքննարկենք և կիրականացնենք մեր երկրների միջև հետագա մերձեցման հեռանկարները», - նշել է նա։

Մեկնաբանելով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը՝ Հիքմեթ Հաջիևը նաև հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև շարունակվում են աշխատանքները հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Նա նշել է, որ Ադրբեջանի քաղաքականության շնորհիվ հնարավոր եղավ ազատագրել օկուպացված հողերը և վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը։
Zinvor.info

Հեշթեգներ. Հաջիև   Իրան  


Լրահոս