Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, Բաքվի ռազմական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ և դատավորներ Անար Ռզաևի ու Ջամալ Ռամազանովի (պահեստային դատավոր Գյունել Սամեդովա) կազմով բաց դատական նիստում՝ մեղադրյալին տրամադրվել է թարգմանիչ իր խոսած լեզվով՝ ռուսերենով, ինչպես նաև իր ընտրած փաստաբան՝ պաշտպանության համար։
Դատավարության ժամանակ Ռուբեն Վարդանյանը և նրա փաստաբան Աբրահամ Բերմանը բողոք են հայտնել դատավորների կազմի վերաբերյալ։ Բերմանը, բացարկը հիմնավորելով, նշել է, որ նախորդ դատական նիստերում ներկայացված բազմաթիվ միջնորդություններից մի քանիսը մերժվել են, և հավելել է, որ պաշտպանության կողմը դեռևս հնարավորություն չի ունեցել լիարժեքորեն ծանոթանալու դատական բոլոր արձանագրություններին։ Փաստաբանը նշել է, որ գործը քննող դատավորները հետաքրքրված են քրեական հետապնդմամբ։
Գլխավոր դատախազի ավագ օգնական Վյուսալ Ալիևը հիշեցրել է, որ դատարանն արդեն իր դիրքորոշումն է հայտնել այս հարցերի վերաբերյալ նախորդ լսումների ժամանակ։ Նա հավելել է, որ պաշտպանության կողմին տրամադրվում են անհրաժեշտ պայմաններ՝ դատական նիստերի արձանագրություններին ծանոթանալու համար։
Վյուսալ Ալիևը հայտնել է, որ միջնորդությունները չբավարարելու նման փաստարկները չեն կարող հիմք հանդիսանալ եզրակացնելու, որ դատական կոլեգիան շահագրգռված է քրեական հետապնդմամբ։ Դատավարությանը ներգրավված տուժողները դատարանին խնդրել են մերժել բողոքը։ Դատարանը հեռացել է խորհրդակցության, որից հետո հայտարարել է, որ բողոքը թողնվել է առանց քննարկման, քանի որ պաշտպանության կողմը ապացույցներ չի ներկայացրել՝ դատական կազմի քրեական հետապնդման նկատմամբ շահագրգռվածության վերաբերյալ։