Ռուբեն Վարդանյանը կրկին միջնորդություն է ներկայացրել
  Ռուբեն Վարդանյանը կրկին միջնորդություն է ներկայացրել
10:58     26 02 2025    
Փետրվարի 25-ին շարունակվել է Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը, ով մեղադրվում է խոշտանգումների, վարձկանության, պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու, ահաբեկչության ֆինանսավորման և Ադրբեջանի Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ դատական նիստում մեղադրյալն ապահովվել է իր ընտրած փաստաբանով և ռուսաց լեզվի թարգմանիչով։

Նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանն ու նրա պաշտպանը դատարանին կրկին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։

Պետական մեղադրողներ Վյուսալ Ալիևը և Ֆուադ Մուսաևը նշել են, որ նախորդ դատական նիստերում արդեն իսկ քննարկվել է նմանատիպ միջնորդություն, և դրա վերաբերյալ համապատասխան որոշում է կայացվել։ Նրանք հիշեցրել են, որ Ադրբեջանի Հանրապետության քրեադատավարական օրենսդրությունը կոնկրետ հիմքեր է նախատեսում դատավորին բացարկ հայտնելու համար, և քանի որ մեղադրյալն ու նրա պաշտպանը նման հիմքեր չեն ներկայացրել, պետականմեղադրողները խնդրել են միջնորդությունը թողնել առանց քննարկման։

Դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ և վերադառնալով՝ հայտնել է, որ միջնորդությունը թողնում է առանց քննության։

Այնուհետև գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը հնչեցրել է դատախազության առաջարկը՝ կապված դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտման հաջորդականության հետ։ Մեղադրյալ Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպան Ավրահամ Բերմանը ապացույցների հետազոտման հաջորդականության վերաբերյալ առաջարկություններ չեն արել։

Ռուբեն Վարդանյանն այնուհետև հայտնել է, որ հացադուլի պատճառով իրեն վատ է զգում, դատավորը ընդմիջում է հայտարարել։

Ընդմիջումից հետո նախագահող դատավոր Զեյնալ Աղաևը քրեական դատավարության կողմերին բացատրել է դատական քննության ընթացքում ապացույցների ներկայացման կարգը։
Zinvor.info

Հեշթեգներ. Վարդանյան   Դատարան  


Լրահոս