Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ Բաքվի Դատական համալիրում տեղակայված Բաքվի ռազմական դատարանում անցկացված դատական նիստում մեղադրյալին տրամադրվել են թարգմանիչ և փաստաբաններ։
Դատական նիստին մասնակցել են տուժողները, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, պետականմեղադրանքը պաշտպանող դատախազները, ինչպես նաև Նախարարների կաբինետի ղեկավար Ռուֆաթ Մամեդովը՝ որպես ադրբեջանական պետության անունից տուժողի ներկայացուցիչ։
Նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը և նրա փաստաբան Ավրահամ Բերմանը դատարանին խնդրել են պայմաններ ստեղծել գաղտնի հանդիպման համար։ Դատարանը բավարարել է միջնորդությունը և հայտարարել նիստի ընդմիջում։
Ընդմիջումից հետո Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պետության կողմից նշանակած իր պաշտպան Ազեր Մահերրամովի ծառայություններից և ասել, որ իր իրավունքների պաշտպանությունը շարունակվելու է պայմանագրային փաստաբան Ավրաամ Բերմանի հետ։ Մեղադրող կողմն ու տուժողի ներկայացուցիչը չեն առարկել միջնորդության դեմ։ Դատարանը բավարարել է միջնորդությունը։ Այնուհետև նիստը շարունակվել է, և ընթերցվել է մեղադրական եզրակացությունը։
Ըստ մեղադրանքի՝ Ռուբեն Վարդանյանը նախաձեռնել է «Նեմեսիս-2» ահաբեկչական գործողությունը՝ նպատակ ունենալով ահաբեկչություն իրականացնել օտար երկրներում Ադրբեջանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, իրենց ծառայողական պարտականությունները կատարող քաղաքացիների նկատմամբ։
Հաշվի առնելով մեղադրական եզրակացության մեծ ծավալը՝ նշվել է, որ դրա հրապարակումը կշարունակվի հաջորդ դատավարությանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 17-ին։