Այխան Հաջիզադեն պատասխանել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարին
  Այխան Հաջիզադեն պատասխանել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարին
09:34     27 01 2025    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն պատասխանել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարոյին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, ադրբեջանցի դիվանագետի համապատասխան հայտարարությունը զետեղված է Х սոցիալական ցանցում:

«Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի մեկնաբանությունը, որով Ադրբեջանը մեղադրվում է անդրծովյան տարածքների գործերին միջամտելու մեջ, բացահայտ փորձ է քողարկելու Ֆրանսիայի անգործությունը Նոր Կալեդոնիայի բնիկ բնակչության պահանջների ֆոնին։

Հենց Ֆրանսիան է մշտապես միջամտել տարածաշրջանային հարցերին և փորձել խաթարել Ադրբեջանի կողմից առաջ մղվող խաղաղության և կայունության վերականգնման գործընթացը»,- նշել է նա։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի, Բաքվի նախաձեռնող խմբի գործունեության նպատակն է հանրության ուշադրությանը ներկայացնել Ֆրանսիայի գաղութատիրական քաղաքականությունը և անդրծովյան տարածքներում առկա խնդիրները. «Նման խմբերի աշխատանքը վարկաբեկելու փորձերը թուլացնում են ապագաղութացման գործընթացը»:

«Նոր Կալեդոնիայի բնիկ բնակչության դեմ ռեպրեսիաների քաղաքականությունը դադարեցնելու փոխարեն, որտեղ անցյալ տարի ուժի կիրառման արդյունքում սպանվեց առնվազն 14 մարդ, շատերը վիրավորվեցին, Ադրբեջանի դեմ շանտաժը ցույց է տալիս, թե որքան ապարդյուն է Ֆրանսիայի արտաքին քաղաքական ռազմավարությունը։

Ավելին, Ֆրանսիայի կողմից իր դերի և ռեսուրսների չարաշահումը բազմաթիվ միջազգային կազմակերպություններում՝ փորձելով ճնշում գործադրել միջազգային իրավապաշտպան ՈԿԿ-ների վրա, որոնք ձգտում են քարոզել հակագաղութատիրական քաղաքականությունը, անիմաստ է և արդյունք չի տա:

Մենք կտրականապես մերժում և դատապարտում ենք Ֆրանսիայի արտգործնախարարի հակաադրբեջանական հայտարարությունները»,- ընդգծել է Հաջիզադեն։
Zinvor.info

Հեշթեգներ. Այխան-Հաջիզադե   Ֆրանսիա  


Լրահոս