200 պատվիրակ 51 երկրից. Հայաստանից ադրբեջանցիների վտարումը մեծ անարդարություն է
  200 պատվիրակ 51 երկրից. Հայաստանից ադրբեջանցիների վտարումը մեծ անարդարություն է
12:38     06 12 2024    
Հարկադիր վերաբնակեցումը մարդու իրավունքների ամենալուրջ խախտումներից է, իսկ Հայաստանից ադրբեջանցիների վտարումը մեծ անարդարություն է, որը դեռևս չի լուծվել։ Վերադարձի իրավունքը մարդու հիմնարար իրավունքն է, որը հաստատապես ամրագրված է միջազգային փաստաթղթերում, ինչպիսիք են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և Պինեյրոյի սկզբունքները:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Արևմտյան Ադրբեջանի համայնքի կողմից կազմակերպված՝ «Վերադարձի իրավունք. արդարության ապահովում Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար» II միջազգային համաժողովի ամփոփիչ փաստաթղթում։

Փաստաթուղթն ընդունվել է 51 երկրների ավելի քան 200 պատվիրակների կողմից։ Միջոցառման մասնակիցները լուրջ մտահոգություն են հայտնել այն մասին, որ Հայաստանը խոչնդոտում է բռնի տեղահանված ադրբեջանցիներին վերադառնալ հայրենի հողեր։

Նրանք Միջազգային քրեական դատարանի դատախազին կոչ են արել հետաքննել՝ Հայաստանի կողմից միջազգային իրավունքի և Հռոմի ստատուտի շրջանակներում ստանձնած պարտավորությունների խախտումը։

Փաստաթղթում ընդգծվում է սեփականության իրավունքի վերականգնման կարևորությունը և կոչ է արվում Հայաստանի կառավարությանը անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ արևմտյան ադրբեջանցիների բռնագրավված կամ բռնությամբ վերցված ունեցվածքը վերադարձնելու և հարկադիր վերաբնակեցման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման համար։

Դրա հետ մեկտեղ նշվում է, որ նյութական և բարոյական վնասի հատուցումը չի կարող հիմք հանդիսանալ՝ վերադարձի իրավունքից հրաժարվելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ադրբեջանցիներ  


Լրահոս