Ադրբեջանցի պատգամավորները կոչ են արել չեղարկել ԱՄՆ-ի հետ մի շարք համաձայնագրերը
 Ադրբեջանցի պատգամավորները կոչ են արել չեղարկել ԱՄՆ-ի հետ մի շարք համաձայնագրերը
09:38     07 10 2024    
7-րդ գումարման Միլլի Մեջլիսի մի խումբ պատգամավորներ դիմել են արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ կոչ անելով չեղարկել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև առկա պայմանավորվածությունները, մասնավորապես՝ 1997 թվականին ստորագրված «Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ապագա ռազմական և պաշտպանական կապերի մասին» համատեղ հայտարարությունը» և 2013 թվականին ստորագրված «Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանության նախարարության միջև սարքավորումների և փոխադարձ ծառայությունների գնման մասին» համաձայնագիրը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, պատգամավորները նաև կոչ են անում անհապաղ դադարեցնել նոր համաձայնագրերի շուրջ բանակցությունները և գործող համաձայնագրերի երկարաձգումը; դադարեցնել Ադրբեջանում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և այդ երկրի ոչ կառավարական կազմակերպությունների կողմից իրականացվող բոլոր նախագծերը, արգելել նոր նախագծերի իրականացումը և դադարեցնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աշխատանքը Ադրբեջանում:

Պատգամավորները նշել են ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի մի խումբ անդամների դիմումը այդ երկրի պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ 2024 թվականի հոկտեմբերի 3-ին. «Մենք կասկած չունենք, որ այս կոչը նախաձեռնել է Պետդեպարտամենտը։ Ադրբեջանի նկատմամբ զրպարտություններով և խտրականությամբ լցված, պատերազմական հանցագործներին ազատ արձակելու և Հայաստանի սպառազինման վերաբերյալ հայտարարություններ պարունակող այս կոչը հակասում է միջազգային իրավունքին և ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները շահագրգռված չէ շարունակել երկկողմ հարաբերությունները»։

Խորհրդարանականները նաև ընդգծել են, որ Միացյալ Նահանգները երբեք չի գիտակցել իր պատասխանատվությունը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, Ֆրանսիայի հետ միասին աջակցել է ադրբեջանական հողերի օկուպացմանը և երբեք չի դատապարտել Հայաստանի բարբարոսական գործողությունները, որոնք ոչնչացրել են ադրբեջանական ժողովրդի մշակութային ժառանգությունը, պատմական հուշարձանները և ավերել մեր քաղաքներն ու գյուղերը։

«Ադրբեջանի վրա հարձակումները, որոնք սկսվել են 2020 թվականի Հայրենական պատերազմից հետո և ուժեղացել անցյալ տարվանից, պայմանավորված են նրանով, որ ԱՄՆ-ը հրաժարվում է ընդունել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վերականգնումը, և մտադիր է կրկին հակամարտություն հրահրել տարածաշրջանում: Ինչո՞ւ է ԱՄՆ-ը, որը կեղծ մեղադրանքների պատրվակով օկուպացրել է աշխարհի տարբեր երկրներ, իր տարածքը օկուպացիայից ազատագրելու և անջատողականության վերացմանն ուղղված Ադրբեջանի գործողությունը համարում է «ռազմական ագրեսիա»», - ասվում է նամակում։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան  


Լրահոս