Ալիև. Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման գործում
  Ալիև.  Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման գործում
08:40     05 07 2024    
Հուլիսի 4-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում «ՇՀԿ պլյուս» ձևաչափով հանդիպում է անցկացվել:

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, միջոցառմանը մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

Երկրի ղեկավարը միջոցառմանը ելույթ է ունեցել.

«Ադրբեջանը երկրորդ անգամ է հրավիրվել մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին։ Մենք դա դիտարկում ենք որպես Ադրբեջանի և անդամ երկրների միջև աճող գործընկերության ցուցիչ:

Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների շրջանակներում փոխգործակցությունը Ադրբեջանի և ՇՀԿ անդամ երկրների միջև համագործակցության կարևոր ոլորտ է։ Աշխարհագրական դիրքը և տրանսպորտային ենթակառուցվածքներում զգալի ներդրումները թույլ են տվել Ադրբեջանին դառնալ Եվրասիայի տրանսպորտային և լոգիստիկ հանգույցներից մեկը։

Ադրբեջանական ներդրումների շնորհիվ Միջին միջանցքի անբաժանելի մաս հանդիսացող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու տարեկան թողունակությունը 1 միլիոնից հասցվել է 5 միլիոն տոննայի։

Մենք աշխատում ենք գործընկեր երկրների հետ՝ ապահովելու Միջին միջանցքի թվայնացումը։

Բացի այդ, Ադրբեջանը մտադիր է Ալյաթ միջազգային ծովային առևտրային նավահանգստի տարեկան թողունակությունը 15 միլիոնից հասցնել 25 միլիոն տոննայի։

Ադրբեջանը նաև կարևոր դեր է խաղում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման գործում։ Հյուսիս-Հարավ միջանցքի ադրբեջանական հատվածի երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքը պատրաստ է և հաջողությամբ գործում է։ Ներկայումս մենք աշխատանքներ ենք տանում երկաթուղային փոխադրումների ծավալը հասցնել 15 միլիոնի, իսկ հետագայում՝ անհրաժեշտության դեպքում, տարեկան 30 միլիոն տոննայի»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան  


Լրահոս