Zinvor.info-ն փոխանցմամբ՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է հետևյալը՝ «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։
Հիմա Հայաստանի գլխին կախված է Սյունիքի ճանապարհի (Զանգեզուրի միջանցքի-Խմբ.) հարցը, որի շուրջ թեև չկա միջազգային կոնսենսուս, բայց Ռուսաստանի և Արևմուտքի մոտ կա իրարից առանձին այդ հարցը լուծելու որոշում և գործընթաց։ Ընդ որում, այդ գործընթացի մեջ մեծ մասնաբաժին ունի մյուս կողմին այդ գործընթացից հանելու կարևորությունը։
Արդյունքում, Ադրբեջանը գտնվում է շահեկան դիրքում՝ կամ Ռուսաստանի կամ Արևմուտքի՝ արդեն ի դեմս Թուրքիայի, միջոցով կստանա ճանապարհ դեպի Նախչըվան։ Սրան զուգահեռ շարունակում է Հայաստանի նկատմամբ այլ ճնշումներ գործադրել՝ հակամարտությունը տաք պահելու նպատակով։ Ի վերջո, հնարավոր է, որ Ռուսաստանի և Արևմուտքի կոնֆլիկտի պատճառով ճանապարհի հարցը որոշ ժամանակ դեռ չլուծվի, որը մի օր Ադրբեջանի մոտ կձևավորի «լեգիտիմ իրավունք» ինքնուրույն լուծելու այդ հարցը, ինչպես եղավ հինգ շրջանների դեպքում», - գրում է Մեսրոպ Առաքելյանը։
Zinvor.info