Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից՝ ռազմական ագրեսիա իրականացրած հայկական կողմին արդարացնելը, մեր կողմից դիտվում է որպես աչք փակել Հայաստանի ռազմական սադրանքի վրա։ Ցավոք, 5 ամսվա կայունությունից հետո ԵՄ-ն անտեսում է դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինվորի վիրավորումը՝ առանց որևէ սադրիչ գործոնների։
Սադրանքին ի պատասխան Ադրբեջանի ձեռնարկած քայլերը համարժեք էին և տեղային։ Այս միջոցները կանխեցին նաև՝ ռազմական էսկալացիան ընդլայնելու հայկական փորձերը։
Դրա հետ մեկտեղ, մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել, որ ափսոսանք է առաջացնում՝ զինված ուժերի դուրսբերման վերաբերյալ Եվրամիության բարձր ներկայացուցչի առաջարկը, որը գործնական նշանակություն չունի։ ԵՄ-ն պետք է հաշվի առնի, որ Եվրամիության առաքելության հովանու ներքո սահմանամերձ շրջաններում Հայաստանի կողմից տեղակայված վարձկանները վտանգ են ներկայացնում ադրբեջանական զինվորականների և քաղաքացիական բնակչության կյանքի համար։
Անընդունելի է հայազգի բնակիչներին, ովքեր կամովին լքել են Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանը, հարկադիր վերաբնակներ անվանելը։ Անընդունելի է նաև գոյություն չունեցող «Լեռնային Ղարաբաղ» անվանումն օգտագործել այս տարածաշրջանի նկատմամբ, որը հանդիսանում է Ադրբեջանի տարածքը։ ԵՄ-ն քաջատեղյակ է, որ ադրբեջանական կողմը բազմիցս կոչ է արել հայ բնակիչներին մնալ իրենց տներում։
Կրկին անգամ, ափսոսանքով նշում ենք, որ չնայած Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Շառլ Միշելի խաղաղասիրական նախաձեռնություններին, Արտաքին կապերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը միակողմանի հայանպաստ դիրքորոշում է գրավում, անջրպետ է ստեղծում Ադրբեջանի և Եվրամիության կառույցների միջև և, հետևաբար, լիովին մեկուսացնում է իրեն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից»,- ասվում է հայտարարության մեջ։
Zinvor.info