Ադրբեջանի նախագահը. «Հայաստանն իրեն զրկել է տարածաշրջանի բոլոր նախագծերից»
  Ադրբեջանի նախագահը.  «Հայաստանն իրեն զրկել է տարածաշրջանի բոլոր նախագծերից»
14:10     21 05 2021    
Ողջունելի է, որ Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնը քննարկումներ է կազմակերպում նման արդիական խնդրի շուրջ: Այսօր Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնը դարձել է աշխարհի առաջատար հաստատություններից մեկը: Նրա գործունեությունն ուղղված է աշխարհում խաղաղության, կայունության և արդարության ապահովմանը: Կազմակերպությունը հարուստ փորձ ունի այդ արժեքները խթանելու գործում:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնի «Հարավային Կովկաս. Տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» տեսաձևաչափի քննարկման ժամանակ, տեղեկացնում է Zinvor.info-ն:

Երկրի ղեկավարն ասել է. «Երկրորդ ղարաբաղյան պատերազմը տարածաշրջանում նոր իրողություն է ստեղծել: Այս առումով այսօրվա քննարկման թեման շատ արդիական է: Հայկական պետությունում տիրում է ճգնաժամ: Հայաստանը իրեն զրկել է տարածաշրջանի բոլոր նախագծերից: Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքում Ադրբեջանն ազատագրեց Հայաստանի կողմից գրավված հողերը: 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո տարածաշրջանում նոր իրողություն է ի հայտ եկել»:

Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը, որպես Հարավային Կովկասի առաջատար երկրներից մեկը, հայտարարության շրջանակներում առաջադրել է բազմաթիվ կարևոր առաջարկներ և նախաձեռնություններ տարածաշրջանի երկրների համագործակցության համար: Դրանք ներառում են տրանսպորտի և կապի բացում և համագործակցության այլ հնարավորություններ:

«Մենք պետք է միասին ապրենք որպես հարեւաններ: Իհարկե, դա հեշտ չի լինի: Այսօր քաղաքական գործիչների դերը պետք է լինի ժողովրդին բացատրել, որ խաղաղությունն ու կայունությունը հնարավոր են միայն համագործակցության և շփումների միջոցով», - ավելացրել է պետության ղեկավարը:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս