Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին հրաժարվել խաղաղության հեռանկարներին վնասող հայտարարություններից
 Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին հրաժարվել խաղաղության հեռանկարներին վնասող հայտարարություններից
11:30     11 11 2023    
Նոյեմբերի 10-ին Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի պանելային քննարկումներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած անհիմն հայտարարությունները ցույց են տալիս, որ հայկական կողմը չի հրաժարվում քաղաքական շահարկումներից և խեղաթյուրված մեկնաբանություններից։

Zinvor.info-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ՝ կապված Փարիզում կայացած Խաղաղության 6-րդ համաժողովի պանելային քննարկումներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների հետ:

«Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք Հայաստանի վարչապետի այն պնդումները, թե իբր Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում բնակվող հայերը ենթարկվել են «էթնիկ զտումների»։

Հայաստանը, որը շուրջ 30 տարվա ագրեսիվ քաղաքականության ընթացքում ոտնահարել է շուրջ մեկ միլիոն ադրբեջանցիների հիմնարար իրավունքները, իրականացրել աննախադեպ ցեղասպանություն և ջարդեր ադրբեջանցիների, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի նկատմամբ, բարոյական իրավունք չունի մեղադրելու Ադրբեջանին «էթնիկ զտումների մեջ»։

Փաշինյանը քաջատեղյակ է, որ հայ բնակիչների՝ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից Հայաստան վերաբնակեցումն իրենց անձնական որոշումն է եղել և ոչ մի կապ չունի հարկադիր վերաբնակեցման հետ։ Հայաստանի վարչապետին ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Ադրբեջանի հասցեին նման անհիմն մեղադրանքներն ակնհայտորեն հակասում են տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների ներկայացուցիչների զեկույցներին և հայտարարություններին:

Կոչ ենք անում հայկական կողմին, որը շարունակում է իր ագրեսիվ զրպարտչական հռետորաբանությունը օգտագործելով տարբեր միջազգային հարթակներ, հրաժարվել խաղաղության հեռանկարին վնասող հայտարարություններից և օգտագործել ստեղծված պատմական հնարավորությունները՝ Հարավային Կովկասի տարածաշրջանը վերածելու խաղաղության և համագործակցության տարածքի։ Մենք հուսով ենք, որ Հայաստանը մոտ ապագայում համարժեք պատասխան կտա հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի ստորագրման Ադրբեջանի կոչերին», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ   Հայաստան  


Լրահոս