Ալիևը՝ Օրբանին. Մեր երկրները հանդես են գալիս՝ արդի գլոբալ և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ համանման դիրքորոշմամբ
 Ալիևը՝ Օրբանին. Մեր երկրները հանդես են գալիս՝ արդի գլոբալ և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ համանման դիրքորոշմամբ
13:30     23 10 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, նամակում ասվում է.

«Հարգելի պարոն վարչապետ,

Իմ անունից և Ադրբեջանի ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ողջ ժողովրդին՝ Հունգարիայի Ազգային տոնի կապակցությամբ։

Ադրբեջանի և Հունգարիայի միջև բարձր մակարդակի միջպետական հարաբերությունները և հաջող համագործակցությունը բավարարվածության է առաջացնում։ Շատ ուրախալի է, որ ամուր բարեկամության ու գործընկերության լավ օրինակ հանդիսացող մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության ու աջակցության վրա, օրեցօր ընդլայնվում ու հարստանում են նոր բովանդակությամբ։

Հատկապես ուզում եմ նշել, որ մեր երկրները կառուցողականորեն փոխգործակցում և աջակցում են միմյանց՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում և համանման դիրքորոշումներ ունեն արդի գլոբալ և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ։

Վստահ եմ, որ, օգտագործելով առկա հնարավորությունները, համատեղ ջանքերով մենք կհասնենք մեր երկրների միջև ընդլայնված ռազմավարական գործընկերության հետագա խորացմանը, փոխշահավետ համագործակցությանը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ, մասնավորապես Թուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում։

Ձեզ շուտով տեսնելու ակնկալիքով մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ պետական գործունեության մեջ, Հունգարիայի բարեկամ ժողովրդին՝ մշտական բարօրություն և բարգավաճում»:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իլհամ-Ալիև  


Լրահոս