Էլչին Ամիրբեկով. Ադրբեջանը պատրաստ է երթուղի կառուցել Իրանի տարածքով
  Էլչին Ամիրբեկով.  Ադրբեջանը պատրաստ է երթուղի կառուցել Իրանի տարածքով
09:25     17 10 2023    
Բաքուն պատրաստ է բանակցությունների, բայց եթե Երևանը գերադասի հետաձգել գործընթացը, ապա Ադրբեջանը պատրաստ է երթուղի կառուցել Իրանի տարածքով։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում։

«Մենք ընդունում ենք, որ սա Հայաստանի ինքնիշխան տարածքն է։ Բայց մեզ համար կարևոր է իմանալ, թե մյուս կողմն ինչպես է ապահովելու միջանցքի երթևեկության անվտանգությունը։ Մեզ պետք են հուսալի երաշխիքներ յուրաքանչյուր ուղևորի անվտանգության համար, ով գնացք է նստում Ադրբեջանի հիմնական հատվածից Նախչըվան կամ հակառակը»,- նշել է Ամիրբեկովը։

Նրա խոսքով՝ հաջորդ քայլը կարող է լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները։

«Գլխավոր հարցն այն է, թե արդյոք երկու կողմերն էլ ունեն բավարար քաղաքական կամք այս հարցը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Մենք նման լուծում գտնելու նույնքան ցանկություն ունենք, որքան որ երկկողմ բանակցությունների այլ ոլորտներում առաջընթացի հասնելու: Կարծում եմ, որ որքան շուտ համաձայնեցվի մեր միջև սահմանը, այնքան լավ, այնքան քիչ կլինի ինչ-որ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը»,- նշել է նախագահի ներկայացուցիչը։
Zinvor.info

Հեշթեգներ. Էլչին-Ամիրբեկով  


Լրահոս