Ադրբեջանի ԱԳՆ. Կոչ ենք անում ԵԱՀԿ-ին չմիջամտել մեր ներքին գործերին
  Ադրբեջանի ԱԳՆ.  Կոչ ենք անում ԵԱՀԿ-ին չմիջամտել մեր ներքին գործերին
10:24     07 10 2023    
Մենք խստորեն դատապարտում և մերժում ենք՝ հոկտեմբերի 6-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանիի հայտարարությունը։ Այս հայտարարությունը կանխակալ մեղադրանքներ է պարունակում Ադրբեջանի հասցեին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին ասվում է ԱԳՆ մեկնաբանությունում։ «Բույար Օսմանիի խոսքերն ուղղակիորեն հակասում են ԵԱՀԿ նախագահության մանդատին, ներառյալ Պորտուում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի թիվ 8 բանաձևը, որը պահանջում է, որ նախագահությունը գործի ԵԱՀԿ բոլոր անդամ երկրների կողմից համաձայնեցված դիրքորոշումների համաձայն։

Չնայած ԵԱՀԿ-ի պարտավորությունները կատարելու Ադրբեջանի կանոնավոր կոչերին, տասնամյակներ շարունակ խոչընդոտներ են եղել այս կազմակերպության՝ մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն ու հարյուր հազարավոր ադրբեջանցի հարկադիր վերաբնակների իրավունքները ապահովելու մանդատի իրականացման համար։ Մեր կոչերը՝ ուղղված ԵԱՀԿ-ին դրական դեր խաղալ հետհակամարտային վերականգնման ջանքերում, ներառյալ ականազերծման գործընթացները, նույնպես անտեսվել են:

Հիշեցնում ենք, որ բոլոր սկզբունքները, այդ թվում՝ ուժի չկիրառման սկզբունքը, որը ամրագրված է Հելսինկյան եզրափակիչ ակտով, խախտվել են հայկական կողմից։ Ադրբեջանը միշտ էլ օրինական իրավունք է ունեցել դադարեցնել իր տարածքի օկուպացիան ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական ճանապարհով։

Բացի այդ, ցանկանում ենք հիշեցնել, որ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությանն առնչվող ցանկացած մեխանիզմ արգելում է դրանց օգտագործումը որպես պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման գործիք։ Այս կապակցությամբ մենք բոլոր կողմերին կոչ ենք անում՝ խստորեն պահպանել այս պարտավորությունը և զերծ մնալ Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերից»,- նշել են ԱԳՆ-ում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս