Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնին
 Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնին
13:54     29 08 2023    
Օգոստոսի 28-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Դեսպանների համաժողովի ժամանակ հնչեցրած կողմնակալ պնդումները, որոնք կեղծ տպավորություն են ստեղծում տարածաշրջանում առկա իրավիճակի մասին՝ միակողմանիորեն պաշտպանելով Հայաստանը, վնասում են խաղաղ գործընթացին։ Այն, որ Ֆրանսիայի նախագահը հերթական անգամ հայտարարություններ է անում՝ հիմնվելով տարածաշրջանում հումանիտար իրավիճակի մասին պնդումների վրա, ևս մեկ անգամ ապացուցում է, որ այդ երկրի քաղաքականությունը սխալ է։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:

«Ֆրանսիական կողմը, որը շուրջ 30 տարի չի դատապարտել Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունն ու Ադրբեջանի դեմ ագրեսիան, երբեք չի մեկնաբանել մոտ մեկ միլիոն փախստականների և հարկադիր վերաբնակների մարդասիրական վիճակը, այժմ դատապարտում է 2020թվականի 44-օրյա պատերազմը, որի ընթացքում Ադրբեջանն ազատագրեց իր հողերը ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան, ինչպես նաև հատուկ շեշտադրում է անում տարածաշրջանում հումանիտար իրավիճակի վերաբերյալ պնդումների վրա: Անընդունելի է, որ Ֆրանսիայի նախագահը իր բառապաշարում ներառի «Լաչինի մարդասիրական միջանցք» արտահայտությունը, անընդունելի է նաև այս հարցում ճնշման լեզվով խոսելը, սա անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ:

Ֆրանսիական կողմը քաջատեղյակ է, որ թեև ցերեկային ժամերին տասնյակ հայ բնակիչներ են անցնում Լաչինի ճանապարհով և սահմանային անցակետով, իսկ բեռների փոխադրման համար Ադրբեջանն առաջարկել է այլընտրանքային ճանապարհներ՝ Աղդամ-Խանքենդի և այլն, սակայն այդ ճանապարհներից օգտվելու հարցը քաղաքականացվում է Հայաստանի և որպես հայ բնակիչների ներկայացուցիչներ ներկայացող անձանց կողմից։

Գործընթացին ուղղակիորեն խոչընդոտող գործոններից է այն պնդումների հնչեցումը, որոնք օգոստոսի սկզբին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը նպաստելու փոխարեն աջակցում են հայկական կողմի սադրիչ քայլերին»,- ասվում է հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս