Ադրբեջանի ԱԳՆ. Խաչատրյանի մասին Հայաստանի պնդումներն անհիմն են
  Ադրբեջանի ԱԳՆ.  Խաչատրյանի մասին Հայաստանի պնդումներն անհիմն են
09:21     31 07 2023    
Վագիֆ Խաչատրյան անունով անձի վերաբերյալ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից Ադրբեջանին ուղղված մեղադրանքները լիովին անհիմն են։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, ասվում է՝ Վագիֆ Խաչատրյանի ձերբակալության մասին Հայաստանի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանությունում։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ քաղաքական մանիպուլյացիաներով է զբաղվում՝ միջազգային հանրության ուշադրությունը շեղելու և ստանձնած պարտավորություններից խուսափելու համար՝ օգտագործելով հուլիսի 29-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայության կողմից Լաչինի սահմանային անցակետում Վագիֆ Խաչատրյան անունով անձի ձերբակալությունը, ով փորձել է Հայաստան մեկնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տրանսպորտով։ Այս առումով հայկական կողմի կողմից մեր երկրի դեմ ներկայացված պնդումները որեւէ հիմք չունեն։

Հայկական կողմը պետք է աջակցի շուրջ 30 տարվա օկուպացիայի ընթացքում մարդկության դեմ հանցագործությունների և զանգվածային սպանությունների, այդ թվում՝ ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանության համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործին և ոչ թե կոծկի նրանց գործողությունները։ Ընդհակառակը, այն, որ Հայաստանը զրպարտչական արշավ է տանում այս ուղղությամբ Ադրբեջանի աշխատանքի մասին, ոչ այլ ինչ է, քան այս երկրի կողմից ռազմական հանցագործություններին աջակցություն և արդարացում։

Վերջին 30 տարիների ընթացքում ադրբեջանական կողմը բազմիցս հրապարակայնորեն հայտարարել է՝ մեր երկրի տարածքում ռազմական հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ համապատասխան քրեական գործեր հարուցելու մասին, նրանց նկատմամբ միջազգային հետախուզման է հայտարարել և քննչական միջոցառումների շրջանակներում, երկրի օրենսդրությանը և միջազգային պրակտիկային համապատասխան, կշարունակի նրանց պատասխանատվության ենթարկելու միջոցառումները»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. ԱԳՆ  


Լրահոս