Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարի հետ
 Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարի հետ
11:41     18 04 2023    
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Դերեկ Հոգանի հետ:

Այս մասին Zinvor.info-յին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ամերիկյան համագործակցության արդիական հարցեր, իրավիճակը տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը։

Նախարար Ջեյհուն Բայրամովը, խոսելով տարբեր ոլորտներում Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգի մասին, նշել է փոխադարձ շփումների կարևորությունը հարաբերությունների զարգացման գործում։ Ադրբեջանի արտգործնախարարն ուշադրություն է հրավիրել հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա։ Նա ընդգծել է, որ Հայաստանի կողմից պարբերաբար ռազմաքաղաքական սադրանքներ են իրականացվում, որոնք խաթարում են Ադրբեջանի խաղաղ և կառուցողական ջանքերը։ Մասնավորապես նշվել է, որ Հայաստանը դեռևս դուրս չի բերել իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքից, խոչընդոտում է Ադրբեջանի՝ հայ բնակչությանը վերաինտեգրելու ջանքերին, դեմ է Լաչինի ճանապարհի չարաշահումները կանխելու համար սահմանային անցակետ ստեղծելու առաջարկին։

Բայրամովը ընդգծել է, որ չնայած Հայաստանի կողմից ձեռնարկվող ոչ կառուցողական քայլերին, Ադրբեջանը վճռական է շարունակելու ջանքերը խաղաղության օրակարգն առաջ մղելու համար։

Դերեկ Հոգանը նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար կարևոր է հաջողությամբ ավարտել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և բանակցությունների միջոցով լուծել առկա խնդիրները։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս