Հասանովը հավաքել է գեներալներին: «Պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել Հայաստանի սպառնալիքների դեմ»
  Հասանովը հավաքել է գեներալներին:  «Պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել Հայաստանի սպառնալիքների դեմ»
12:20     11 03 2023    
Մարտի 11-ին պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։

Zinvor.info-ն ՊՆ-ին վկայակոչելով հայտնում է, որ խորհրդակցությանը մասնակցել են փոխնախարարները, զորատեսակների հրամանատարները, գերատեսչության գլխավոր վարչությունների, վարչությունների և ծառայությունների ղեկավարները, զորամիավորումների հրամանատարները, ինչպես նաև զորամասերի հրամանատարները տեսակապի միջոցով:

Խորհրդակցության ժամանակ մանրամասն վերլուծվել է ադրբեջանա-հայկական պայմանական պետական սահմանի ողջ երկայնքով և Ղարաբաղի տնտեսական շրջանում տիրող օպերատիվ իրավիճակը։

Նշվել է ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում մնացած հայկական ապօրինի զինված կազմավորումների համար սպառազինության և կենդանի ուժի փոխադրման անթույլատրելիությունը, ինչը բազմիցս նկատվել է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից։

Պաշտպանության նախարարը նշել է, որ հակառակորդի, այդ թվում՝ հայկական անօրինական զինված կազմավորումների գործողությունների շարունակական դիտարկումը պետք է այսուհետ էլ շարունակվի։ Ընդգծվել է, որ ադրբեջանական բանակը պետք է կանխարգելիչ միջոցներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ համարժեք արձագանքման միջոցներ ձեռնարկի Հայաստանի հնարավոր սպառնալիքների դեմ, որը փորձում է տարածաշրջանում արհեստական լարվածություն ստեղծել։

Նշվել է, որ ադրբեջանական բանակը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ վճռական միջոցները՝ ցանկացած սադրանք կանխելու համար։

Նշվել է, որ զինվորական անձնակազմի պրոֆեսիոնալիզմի և ստորաբաժանումների մարտունակության բարձրացման համար կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել իրական մարտի պայմաններին համապատասխան վարժանքների կազմակերպմանը։

Կոնկրետ հանձնարարականներ են տրվել Նովրուզի տոնական օրերին ստորաբաժանումների մարտական պատրաստության բարձր մակարդակը պահպանելու և մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի զգոնությունը բարձրացնելու ուղղությամբ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս