Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարների միջև
 Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարների միջև
12:04     28 01 2023    
Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց են ունեցել Իրանի Իսլամական Հանրապետությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչության առնչությամբ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ում, Ջեյհուն Բայրամովը խստորեն դատապարտել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչությունը, որի արդյունքում զոհվել է դիվանագիտական ներկայացուցչության մեկ աշխատակից, երկուսը՝ վիրավորվել։

Նա հակառակ կողմին ևս մեկ անգամ հիշեցրել է, որ «Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի» համաձայն՝ իրանական կողմը պարտավոր է պաշտպանել դեսպանատան շենքը բոլոր տեսակի ոտնձգություններից և ապահովել նրա աշխատակիցների անվտանգությունը։

Իրանի իրավասու մարմիններից պահանջվել է անհապաղ պատասխանատվության ենթարկել ահաբեկչություն կատարած անձին, իրականացնել ահաբեկչական գործողության մանրակրկիտ հետաքննություն, բացահայտել և պատժել հանցագործության կազմակերպման և կատարման մեջ ներգրավված մյուս մասնակիցներին։

Իրանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին, Ադրբեջանի ղեկավարությանը և ժողովրդին։ Նա նշել է, որ Իրանի պատկան մարմիններն անմիջապես արձագանքել են միջադեպին, և այս հարցը ներկայումս քննվում է իրավապահ մարմինների կողմից, իսկ Ադրբեջանի դեսպանատան և նրա աշխատակիցների անվտանգությունն ամենաբարձր մակարդակի է հասցվել։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իրան  


Լրահոս