Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ
  Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ
15:21     27 01 2023    
Հունվարի 27-ին Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվել է ԱՀ արտաքին գործերի նախարարություն` Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ կապված։

Այս մասին, ըստ Zinvor.info-յի, հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Հանդիպմանը խստորեն դատապարտվել է այսօրվա ահաբեկչական ակտը, Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված զինված հարձակումը, անթույլատրելի են ճանաչվել դիվանագիտական ներկայացուցչությունների վրա նման հարձակումները, նշվել է՝ դիվանագիտական ներկայացուցչության և նրա աշխատակիցների անվտանգությունն ապահովելու Իրանի պարտավորությունը՝ Վիեննայի կոնվենցիայի համաձայն:

Հանդիպմանը պահանջ է հնչեցվել՝ անհապաղ պատասխանատվության ենթարկել ահաբեկչություն կատարած անձին, իրականացնել մանրակրկիտ հետաքննություն, բացահայտել և պատժել հանցագործության կազմակերպման և կատարման մեջ ներգրավված մյուս մասնակիցներին։ Հանդիպմանն ընդգծվել է նաև, որ վերջին շրջանում Իրանում հակաադրբեջանական պլանավորված արշավ է իրականացվում, որն էլ ավելի է սրում առանց այն էլ բարդ հարաբերությունները։

Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին, խստորեն դատապարտելով զինված միջադեպը, խորը ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ, ինչպես նաև խորին ցավակցություն է հայտնել դեսպանատան զոհված աշխատակցի ընտանիքին, Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին։ Դեսպանը նաև ընդգծել է, որ Իրանի պատկան մարմիններն անմիջապես արձագանքել են միջադեպին, ներկայումս իրավապահ մարմինները հետաքննում են այն, մանրամասն տեղեկությունը կհրապարակվի հետաքննության ավարտից հետո։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս