ԱԳՆ ղեկավար. ԵՄ-ն մեր խոշորագույն առևտրային և ներդրումային գործընկերն է
  ԱԳՆ ղեկավար.  ԵՄ-ն մեր խոշորագույն առևտրային և ներդրումային գործընկերն է
19:26     12 12 2022    
«Այս հանդիպումը հիանալի հնարավորություն է Արևելյան գործընկերության շրջանակներում ներկա վիճակի և ապագա գործունեության վերաբերյալ մտքերի բաց և անկեղծ փոխանակման համար: Արևելյան գործընկերությունը հիմնված է բոլոր ներգրավված կողմերի ընդհանուր պատասխանատվության վրա: Այս փաստը պետք է շարունակի ուղղորդել մեր աշխատանքը քննարկվող նախաձեռնության հետագա զարգացման ուղղությամբ»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ԱԳՆ կայքին, նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Նրա խոսքով, Ադրբեջանը շարունակում է Արևելյան գործընկերությունը դիտարկել որպես ԵՄ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր օժանդակ մեխանիզմ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, հավասար գործընկերության, ընդհանուր շահերի և օգուտի վրա։

«ԵՄ-ն մեր խոշորագույն առևտրային և ներդրումային գործընկերն է։ 2022 թվականի հուլիսին ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագիրը կարևոր է՝ բնական գազի կայուն և բարենպաստ պայմաններով փոխադրման, ինչպես նաև դեպի Եվրոպա պոտենցիալ կանաչ էներգիայի արտահանման տեսանկյունից։ Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ Ադրբեջանից Եվրոպա կանաչ էներգիայի արտահանման ոլորտում և սպասում ենք նկատելի առաջընթացի առաջիկա օրերին»,- նշել է նա։

Նախարարն ասել է, որ Ադրբեջանն ու ԵՄ-ն աշխատում են նաև Ադրբեջանում ԵՄ տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացման վրա, և այս նախագիծը նպատակային համագործակցության լավ օրինակ է հանդիսանում։ «Անցյալ շաբաթ Բաքվում կայացել է բարձր մակարդակի համատեղ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև նոր երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, և այսօր տեղի կունենա պատվիրակությունների միջև բանակցությունների հաջորդ փուլը»,- ասել է Ջ.Բայրամովը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս