Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա են հանձնել
 Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա են հանձնել
09:16     17 11 2022    
Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատում Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևի կապակցությամբ։

Այս մասին տեղեկացնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ԱԳՆ մամուլի ծառայությանը:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ բանաձևը հեռու է իրականությունից, լի է ստերով ու զրպարտություններով, և Ադրբեջանն այն կտրականապես մերժում է:

Նշվել է, որ բանաձևն ակնհայտորեն սադրիչ է, և Ֆրանսիան, որը հայտարարում է, թե ցանկանում է նպաստել խաղաղ գործընթացին, ևս մեկ անգամ բացահայտ ցուցադրեց իր հայանպաստ, կողմնակալ և միակողմանի դիրքորոշումը։

Ընդգծվել է, որ Ֆրանսիայի այս քայլը նպատակ ունի լուրջ հարված հասցնել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, հատկապես՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միմյանց շահերի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման և հարգանքի հիման վրա, ինչպես նաև խրախուսում է ռևանշիստական ուժերին, որոնք դեմ են տարածաշրջանում խաղաղությանը։

Բացի այդ, տվյալ բանաձևը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, լիովին հակասում է Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև «Բարեկամության, փոխըմբռնման և համագործակցության պայմանագրի» 2-րդ հոդվածի 3-րդ կետով ստանձնած պարտավորություններին։

Ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ համառորեն պահանջել է ֆրանսիական կողմից՝ զերծ մնալ միջազգային իրավունքով պաշտպանվող Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված քայլերից ու հայտարարություններից և չմիջամտել նրա ներքին գործերին:

Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը ասել է, որ ադրբեջանական կողմի կոչը տեղ կհասցնի։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ֆրանսիա  


Լրահոս