Իլհամ Ալիև. Ադրբեջանցի ժողովուրդը թշնամուն քշեց հայրենի հողերից
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանցի ժողովուրդը թշնամուն քշեց հայրենի հողերից
17:36     27 09 2022    
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան այցելել են Ֆիզուլիի շրջան։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը, պետության ղեկավարը և առաջին տիկինը սեպտեմբերի 27-ին՝ Հիշատակի օրը, ծաղիկներ են դրել Ֆիզուլիի շրջանի Գարախանբեյլի գյուղի հուշահամալիրին։

Այստեղ ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահը։

Նախագահ Իլհամ Ալիևի ելույթը

-Այսօր Ադրբեջանում Հիշատակի օր է։ Ողջ ադրբեջանական ժողովուրդը հարգում է մեր նահատակների պայծառ հիշատակը: Թող Ալլահը լուսավորի բոլոր նահատակների հոգիները։ Նահատակները իրենց կյանքը տվեցին իրենց հայրենիքի, հողի համար: Մենք հպարտանում ենք մեր նահատակներով: Մենք հպարտանում ենք մեր քաջարի զինվորներով և սպաներով։ Մեր նահատակների արյունն անվրեժ չմնաց, մենք նրանց վրեժը լուծեցինք։ Ռազմի դաշտում: Թշնամուց ազատագրեցինք մեր հայրենի հողերը, վերականգնեցինք մեր երկրի տարածքային ամբողջականությունը։

44-օրյա Հայրենական պատերազմը մեր փառավոր պատմությունն է: Մոբիլիզացնելով ողջ ուժը, մեկ բռունցքի պես համախմբվելով՝ ադրբեջանական ժողովուրդը թշնամուն քշեց հայրենի հողերից։ Ամբողջ ադրբեջանական ժողովուրդը դրսևորեց միասնություն և կամք: Մեր քաջարի զինվորների ու սպաների անձնուրացության ու սխրանքի շնորհիվ այսօր մենք կառուցում ենք ազատագրված հողերի վրա, վերականգնում մեր քաղաքներն ու գյուղերը, հպարտանում փառավոր Հաղթանակով։ Մենք նաև հպարտ ենք, որ որպես այս հողերի տերեր՝ դրանց նոր կյանքն ենք տալիս։

Մեր նահատակների պատվին Գարախանբեյլի գյուղի մոտ կանգնեցվել է այս հուշարձանը՝ ժայռի մի մաս։ Գարախանբեյլի գյուղը և ևս հինգ գյուղեր ազատագրվել են Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի առաջին օրը։ Պատերազմի առաջին օրը ազատագրվել են Ֆիզուլիի շրջանի գյուղեր՝ Գարախանբեյլին, Գերվենդը, Քենդ Հորադիզը, Յուխարը Աբդուռահմանլըն, ինչպես նաև Ջաբրայիլի շրջանի Բոյուք Մարջանլը և Նուզգար գյուղերը։ Հենց այստեղ՝ այս վայրում, ունեցանք առաջին նահատակները։ Այս հուշարձանի կողքին թշնամու խրամատ էր։ Այս ուղղությամբ հինգ-վեց պաշտպանական գիծ էր անցկացվել։ Ադրբեջանցի զինվորները, ադրբեջանցի սպաները մահվան էին գնում՝ ճեղքելու այս և դրան հաջորդած պաշտպանական գծերը։ Բառի բուն իմաստով նրանք գնացին մահի, իրենց կյանքը տվեցին, որպեսզի մեր եռագույն դրոշը ծածանվի Շուշայում և բոլոր այն հողերում, որոնք այն ժամանակ գտնվում էին օկուպացիայի տակ։ Նրանք իրենց կյանքը տվեցին, որ ադրբեջանական ժողովուրդը վերականգնի իր արժանապատվությունը, արդարությունը, մեր ժողովուրդը վերադարձնի իր հողերը։

Մենք երջանիկ սերունդ ենք, քանի որ այս փառավոր առաքելությունը բաժին ընկավ մեզ: Երջանիկ սերունդ ենք, քանի որ մենք և՛ ականատես ենք, և՛ մասնակից այս պատմական իրադարձության։ Մեզնից հետո եկող սերունդները միշտ հպարտանալու են այս փառավոր պատմությամբ։ Մենք հպարտ ենք, որ այս հողերի զավակներն ենք: Մենք հպարտ ենք, որ մարտի դաշտում վերականգնվել է արդարությունը, հաղթել ենք թշնամուն, և այսուհետ միշտ ապրելու ենք որպես հաղթանակած ժողովուրդ, հաղթանակած երկիր։

Այսօր, հարգանքի տուրք մատուցելով մեր նահատակների օրհնյալ հիշատակին, մեզանից յուրաքանչյուրը պետք է մեկ անգամ ևս ինքն իրեն խոսք տա, խոստանա, երդվի, որ միշտ պաշտպանելու ենք մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը։ Մենք թույլ չենք տա, որ թշնամին նորից գլուխ բարձրացնի, թույլ չենք տա, որ նա ևս մեկ անգամ սպառնալիք ստեղծի մեզ համար: Եթե նման բան տեսնենք, ապա անմիջապես կանցնենք գործի։ Վստահ եմ, որ դրա անհրաժեշտությունը չի լինի, քանի որ մեր երկրի աճող ուժը, այդ թվում՝ ռազմական հզորությունը, մեր անկախության և խաղաղ կյանքի երաշխավորն է:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս