Ջեյհուն Բայրամովի ելույթը ՄԱԿ-ում: Ադրբեջանը շահագրգռված չէ և չի կարող շահագրգռված լինել լարվածությամբ
  Ջեյհուն Բայրամովի ելույթը ՄԱԿ-ում:  Ադրբեջանը շահագրգռված չէ և չի կարող շահագրգռված լինել լարվածությամբ
10:47     26 09 2022    
«Հուսով ենք, որ Հայաստանը վերջապես կառուցողական և անկեղծորեն կմիանա բանակցություններին»։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։

Նախարարը հայտարարել է, որ չնայած Հայաստանի անխոհեմ գործողություններին՝ Ադրբեջանը դրսևորեց առավելագույն զսպվածություն, բարի կամք և անկեղծություն հրադադարը վերականգնելու հարցում։

«Հայաստանի զինված ուժերի 2022 թվականի սեպտեմբերի 12-14-ի սադրանքից հետո Ադրբեջանը զբաղվում է հումանիտար հետևանքների վերացման հարցերով և այս համատեքստում հայտարարել է զոհվածների աճյունները միակողմանիորեն Հայաստան վերադարձնելու իր պատրաստակամության մասին և այդ մասին տեղեկացրել է Կարմիր խաչի Միջազգային կոմիտեին»,- ընդգծել է Ջեյհուն Բայրամովը։

Նախարարը նշել է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ և չի կարող շահագրգռված լինել լարվածությամբ։

«Իրականում, վերջին մարտական գործողությունները տեղի են ունեցել այն տարածքների մերձակայքում, որտեղ իրականացվում են հետկոնֆլիկտային լայնածավալ ներդրումներ և վերակառուցման նախագծեր: Բացի այդ, վերջին լարվածությունը համապատասխանում է այն պատկերին, որը մենք տեսնում ենք Հայաստանում վերջին 30 տարիների ընթացքում: Ամեն անգամ, խուսափելով վճռորոշ փուլում բեկում մտցնելու համար անհրաժեշտ որոշումներ կայացնելու պատասխանատվությունից, Հայաստանը դիմում է լուրջ սադրանքների։

Ես կցանկանայի, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը չգնա իր նախորդների ճանապարհով և կրկին չփակի տարածաշրջանում խաղաղության և անվտանգություն հնարավորությունների պատուհանը»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։

Արտգործնախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը լի է վճռականությամբ հաղթահարելու իր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև իր քաղաքացիների անվտանգությանը սպառնացող ցանկացած սպառնալիք և կոչ է արել Հայաստանին զերծ մնալ իրավիճակի հետագա սրումից։
Zinvor.info

Հեշթեգներ. Ջեյհուն-Բայրամով  


Լրահոս