Ադրբեջանի ԱԳՆ. Հայաստանը հարվածում է երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին
  Ադրբեջանի ԱԳՆ.  Հայաստանը հարվածում է երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին
11:21     29 03 2022    
Մենք կտրականապես հերքում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) միանգամայն կեղծ և զրպարտչական հայտարարությունը Ադրբեջանի Ղարաբաղի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Նախ հիշեցնում ենք հայկական կողմին, որ Ադրբեջանի ինքնիշխան տարածքների մասին մեկնաբանություններն այդ երկրի կողմից Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ է և միջազգային իրավունքի խախտում։ Ըստ երևույթին, Հայաստանի համար, որը մոտ 30 տարի ուժի կիրառմամբ օկուպացման տակ է պահել Ադրբեջանի տարածքի մի մասը՝ էթնիկ զտումների միջոցով ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիների զրկելով իրենց տներում ապրելու իրավունքից, միջազգային իրավունքի խախտումները դարձել են սովորական բան։

Հայաստանը, որն Ադրբեջանին մեղադրում է 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը չկատարելու մեջ, հարվածում է երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ խախտելով ստորագրված համատեղ հայտարարության դրույթները՝ չնայած հակամարտության ավարտից հետո տարածաշրջանում ստեղծված համագործակցության հնարավորություններին։

Հենց Հայաստանն է հետկոնֆլիկտային փուլում շարունակում իր բացահայտ տարածքային հավակնություններն Ադրբեջանի նկատմամբ և բարձրացնում այդ հարցը, այդ թվում՝ ԱԳՆ մակարդակով, Ադրբեջանի Ղարաբաղի մարզի հետ կապված իր յուրաքանչյուր հայտարարությունում։ Հենց Հայաստանը, ի հեճուկս եռակողմ հայտարարության 4-րդ կետի, դեռևս դուրս չի բերել հայկական զինված ուժերի մնացորդները տարածաշրջանից։ Խախտելով հայտարարության 6-րդ կետը՝ Հայաստանը շարունակում է Լաչինի միջանցքով զորքեր մտցնել տարածաշրջան։ Այս փաստը հաստատել են նաև միջազգային ԶԼՄ-ները:

Կցանկանայինք հատուկ ընդգծել, որ ադրբեջանական կողմի պահանջը վերաբերում է ոչ թե Ղարաբաղի շրջանում բնակվող հայկական ծագումով քաղաքացիներին, այլ հայկական անօրինական կազմավորումների մնացորդների դուրսբերմանը տարածաշրջանից, ինչպես նախատեսված է եռակողմ հայտարարության մեջ։ Այս հարցի միտումնավոր խեղաթյուրումը Հայաստանի արտգործնախարարության կողմից, որը ձգտում է այն ներկայացնել որպես «էթնիկ զտում», բացահայտում է Հայաստանի իրական մտադրությունները։

Հայաստանը, որը շուրջ 30 տարի Ադրբեջանի Նախչըվանի Ինքնավար Հանրապետությունը պահել է գազային շրջափակման մեջ, էկոցիդ և մշակութային ցեղասպանություն է իրագործել Ադրբեջանի Ղարաբաղի մարզում, կանխել միջազգային առաքելությունների այցերը այդ տարածքներ, այժմ ինչի՞ հիման վրա է դիմում միջազգային հանրությանը:

Շինծու մեղադրանքներով միջազգային հանրությանը դիմող Հայաստանը պետք է հասկանա, որ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը կախված է միայն եռակողմ հայտարարության բոլոր դրույթների անվերապահ կատարումից։ Հայաստանի մյուս բոլոր քայլերը, որոնք հակասում են համատեղ հայտարարությանը, միայն կխոչընդոտեն խաղաղաշինության գործընթացին։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահների հետ կապված հարցերին, ապա այդ մասին մանրամասն տեղեկություններ են պարունակվում ԱՀ ՊՆ համապատասխան հայտարարությունները։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս