Ադրբեջանի պատգամավորները հանդիպել են Փաշինյանի հետ
 Ադրբեջանի պատգամավորները հանդիպել են Փաշինյանի հետ
14:10     22 02 2022    
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ներկայացված Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրամիության կողմից համանախագահները հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ԵՄ-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։

Այդ մասին Zinvor.info-յին հայտնել է Միլլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամ Թահիր Միրքիշիլին։

Պատգամավորի խոսքով՝ խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ, չնայած դժվարություններին, որոշակի ճանապարհ արդեն անցել են: Կան պայմանավորվածություններ բազմաթիվ հարցերի շուրջ, մասնավորապես՝ երկաթուղու բացման վերաբերյալ: Նա ընդգծել է, որ դա կարևոր է տարածաշրջանում կոմունիկացիաների բացման տեսանկյունից:

Այնուհետև նա անդրադարձել է ականադաշտերի քարտեզների փոխանցման, սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության տարածաշրջան այցին, Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորածների աճյունների փոխանցման գործընթացին, հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը և նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը՝ Բրյուսելում, իսկ այնուհետև՝ փետրվարի 4-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։ Նա դրական է գնահատել այս հանդիպումները:

Ելույթ ունենալով ադրբեջանական պատվիրակության անունից՝ Թահիր Միրքիշիլին նշել է, որ Ադրբեջանի օրակարգում են կայուն խաղաղությունը, տարածաշրջանային զարգացումը, հաղորդակցությունների բացումը, վերականգնողական և շինարարական աշխատանքները.

«Ես շեշտեցի, որ մեր երկիրը համագործակցության լայն հնարավորություններ ունի տարածաշրջանի երկրների և Եվրամիության հետ՝ էներգետիկ անվտանգության, հետկովիդային տնտեսական զարգացման, տեխնոլոգիաների լայն կիրառման ոլորտում։ Ես նշեցի, որ առաջին անգամ եմ այցելում Երևան և ադրբեջանական պատվիրակության այս այցը պետք է դիտարկել որպես կայուն խաղաղության նկատմամբ մեր երկրի բարի կամքի ևս մեկ ցուցիչ։ Ընդհանուր առմամբ հանդիպումն անցավ դրական մթնոլորտում»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս