Ալիև. Քրիստոնեական համայնքն առանձնահատուկ տեղ ունի մեր հասարակության մեջ
  Ալիև. Քրիստոնեական համայնքն առանձնահատուկ տեղ ունի մեր հասարակության մեջ
17:34     18 04 2025    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ադրբեջանի ուղղափառ քրիստոնյա համայնքին Սուրբ Զատիկի առթիվ։

Ուղերձի տեքստը հրապարակել է Zinvor.info-ն.

«Սրտանց շնորհավորում եմ ձեզ և Ադրբեջանի ողջ քրիստոնեական համայնքին Սուրբ Զատիկի տոնի առթիվ, մաղթում եմ ձեզ երջանկություն և բարօրության։

Հանդուրժողականության հարուստ ավանդույթ ունեցող Ադրբեջանում կրոնի կամ համոզմունքի հողի վրա խտրականության դեպքեր երբեք չեն եղել, իսկ էթնոմշակութային բազմազանությունը պահպանվել է առ այսօր։ Մեր հասարակության մեջ փոխադարձ հարգանքի և վստահության, առաջադեմ սոցիալական և բարոյական արժեքների վրա հիմնված համակեցության մշակույթի քարոզումն ու խրախուսումը պետական քաղաքականության հիմնական ուղղություններից են։

Այսօր քրիստոնեական համայնքն իր ուրույն տեղն ունի մեր հասարակության մեջ, որտեղ տիրում է ազգային-հոգևոր համերաշխության և օրինակելի հանդուրժողականության մթնոլորտ։ Ուզում եմ գոհունակությամբ նշել, որ քրիստոնեական հավատքի մեր քաղաքացիներն արժանավայել ներկայացված են երկրի հասարակական-քաղաքական և մշակութային կյանքում՝ զգալի ներդրում ունենալով մեր հայրենի երկրի՝ Ադրբեջանի զարգացման և առաջընթացի գործում։

Սիրելի Բարեկամներ,

Զատկի տոնը խորհրդանշում է նորոգություն, վերածնունդ, կարեկցանքի և գթասրտության զգացում: Այս լուսավոր օրը ևս մեկ անգամ մաղթում եմ ձեզնից յուրաքանչյուրին բարի տոն, իսկ ձեր ընտանիքներին՝ ուրախություն և բարեկեցություն»,- ասված է շնորհավորական ուղերձում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իլհամ-Ալիև  


Լրահոս