Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Այս կերպ հայկական կողմը փորձում է կոծկել Հայաստանի բռնի գործողությունները, որոնք նա ձեռնարկել է 1980-ականների վերջից՝ Ադրբեջանի նկատմամբ իր անհիմն և անօրինական տարածքային պահանջներն իրականացնելու, ադրբեջանցիներին վտարելու, ադրբեջանական ժողովրդի դեմ ահաբեկչություն, էթնիկական հողի վրա սադրանքներ իրականացնելու և ռազմական ուժ կիրառելու համար:
Հայաստանի ԱԳՆ-ին հիշեցնում ենք, որ Սումգայիթում տեղի ունեցած անկարգությունները ԽՍՀՄ-ի և Հայաստանի ղեկավարության, հայ շովինիստական և ծայրահեղական կազմակերպությունների նախապես մտածված և ծրագրված նպատակաուղղված սադրանքների բաղկացուցիչ մասն էին»,- ընդգծել է Այխան Հաջիզադեն։
Նա նաև հիշեցրել է, որ դեպքի առնչությամբ ԽՍՀՄ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, որի արդյունքում պարզվել են այս անկարգությունների կատարողների ու մասնակիցների, ինչպես նաև տուժածների ինքնությունը, որոնց ընդհանուր թիվը կազմում է 32 մարդ:
«Զոհերի թվում եղել է 6 ադրբեջանցի, և դա վկայում է այն մասին, որ անկարգությունները չեն իրականացվել ադրբեջանական բնակչության կողմից։
Ի գիտություն ՀՀ ԱԳՆ-ի, իրադարձությունների հրահրողը եղել է հայազգի Էդուարդ Գրիգորյանը, ով ղեկավարել է երթը, անձամբ սպանել 6 մարդու և բռնություն գործադրել հայազգի 3 կնոջ նկատմամբ, սումգայիթցի բազմաթիվ հայեր ցուցմունքներ են տվել նրա վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ Էդուարդ Գրիգորյանը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, պատիժը կրելու համար տեղափոխվել է Հայաստան, իսկ հետո ազատ է արձակվել։
1988 թվականի փետրվարի 27-29-ի Սումգայիթի դեպքերի գործով 92 անձ դատապարտվել է ազատազրկման, 1 հոգի դատապարտվել է մահապատժի։
Համեմատության համար նշենք, որ 1980-ականների վերջերին, երբ շուրջ 300 հազար ադրբեջանցիներ բռնի տեղահանվեցին իրենց պատմական հողերից, Հայկական ԽՍՀ-ում որևէ միջոց չի ձեռնարկվել ավելի քան 200 ադրբեջանցիների սպանության մեղավորներին պատժելու համար:
Հայաստանի ԱԳՆ-ն նաև տեղյակ է, որ բազմաթիվ քաղաքներում և գյուղերում, այդ թվում՝ Խոջալիում բազմաթիվ ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարածներից որևէ մեկը դեռ պատասխանատվության չի ենթարկվել։
Հիշեցնում ենք Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը, որ Ադրբեջանը վերջ դրեց իր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի երկարամյա ռազմական օկուպացիային և ապահովեց իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- եզրափակել է Հաջիզադեն։
Zinvor.info