Բայրամովը քննադատում է Եվրոպայի երկակի ստանդարտները
 Բայրամովը քննադատում է Եվրոպայի երկակի ստանդարտները
18:41     02 02 2024    
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է՝ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ԱԳՆ-ից, հանդիպման ընթացքում ընդգծվել են՝ փոխայցելությունների, քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը և նշվել՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների հեռանկարները, մասնավորապես էներգետիկայի, կանաչ տնտեսությյան, զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության, ներդրումների ոլորտներում:

Ջեյհուն Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանը Եվրամիության և ԵՄ անդամ երկրների վստահելի գործընկերն է և հայտարարել, որ երկակի ստանդարտների կիրառումը և մեր երկրի նկատմամբ անարդար մոտեցման դրսևորումը՝ չեն նպաստում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։

Նախարարն ընդգծել է, որ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության իրական պայմաններ են ստեղծվել, որոնց լույսի ներքո ԵՄ-ի և որոշ անդամ երկրների կողմից Հայաստանին ցանկացած պատրվակով ռազմական օգնության տրամադրումը, Հայաստանի ուշադրությունը խաղաղ գործընթացից շեղելը վնասում է՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարկետա Պեկարովա Ադամովան այցելել է Հայաստան: Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ նա ասել է. «Բաքու իմ այցի ընթացքում ես անպայման հարցեր կբարձրացնեմ այն մասին, թե ինչու չեն նրան ցանկանում լուծումներ գտնել, որոնք կհարգվեն Հայաստանի ներկայացուցիչների կողմից։ Սա այն է, ինչ մենք պետք է անենք: Եվ, իհարկե, մենք կօգտագործենք մեր բոլոր հնարավորությունները, որպեսզի կարողանանք այնպիսի ճնշում գործադրել Ադրբեջանի ներկայացուցիչների վրա, որպեսզի նրանք շարունակեն մասնակցել բանակցություններին»։

Բաքու ժամանելուն պես նա հրաժարվել է իր խոսքերից՝ նշելով, որ նրան սխալ են հասկացել։ Նա նաև հայտարարել է, որ Ղարաբաղը միշտ համարել է Ադրբեջանի անբաժանելի մասը։
Zinvor.info

Հեշթեգներ. Բայրամով   Ադրբեջան  


Լրահոս